ՀՀ ՊՆ պատվիրակությունը ՌԴ-ում քննարկելու է ռազմական արտադրանքի մատակարարման հարցեր

Հունիսի 16-ից 19-ը ՀՀ ՊՆ տեղակալ ” նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանի պատվիրակությունը Ռուսաստանում «Ռոսօբորոնէկսպորտի» ղեկավարության հետ կքննարկի ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր, կմասնակցի «Բանակ-2015» միջազգային ռազմատեխնիկական համաժողովին և ԱՊՀ-ի մասնակից պետությունների ռազմատեխնիկական կոմիտեի հերթական նիստին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:

Սեյրան Օհանյանն ընդունել է հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահներին

ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանն ընդունել է հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահներին, 17 փետրվարի, 2015թ.

Նշենք, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև գործում է հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողով, որի հայաստանյան համանախագահն է հենց ՊՆ տեղակալ Ալիկ Միրզաբեկյանը: 2015թ. փետրվարին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է միջկառավարական հանձնաժողովի համանախագահներին և նրանց հետ քննարկել հանձնաժողովի կատարած աշխատանքները, ինչպես նաև ռազմատեխնիկական համագործակցության ոլորտին վերաբերվող մի շարք այլ հարցեր:

Հիշեցնենք նաև, որ հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցությունը կարգավորվում է մասնավորապես 2013 թվականի հունիսի 25-ին ստորագրված պայմանագրով, որը երկու երկրներն էլ հետագայում վավերացրել են։

Հայաստանի ու Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին պայմանագիրը նախատեսում է, որ երկու երկրների ռազմական նշանակության արտադրանքի փոխանցումը մի երկրի տարածքից մյուսն իրականացվելու է ոչ թե հատուկ վավերագրերի կամ որոշումների ընդունմամբ, այլ կողմերի լիազոր մարմինների կողմից տրվող դուրսգրման փաստաթղթերի միջոցով:

Այսինքն ռազմական նշանակության արտադրանքի, սպառազինության ու ռազմական տեխնիկայի հայաստանյան գնորդը կարող է արտադրանքը գնելու բանակցությունները վարել անմիջապես ռուսաստանյան արտադրող ընկերության հետ ու հետևաբար գնումը կատարել անմիջապես արտադրողից, ավելի էժան գներով ու առանց միջնորդի: Նույնը վերաբերում է նաև ռուսաստանյան գնորդներին:

Մինչ այս Ռուսաստանում արտադրվող սպառազինություն ու ռազմական տեխնիկա գնելու համար Հայաստանը պարտավոր էր բանակցությունները վարել ռուսաստանյան «Ռոսօբորոնէկսպորտ» պետական կոնցերնի հետ, որը Ռուսաստանում արտադրվող սպառազինության ու ռազմական տեխնիկայի միակ արտահանողն է: Սա ավելի թանկ էր նստում ու ավելի ժամանակատար էր:

Գնումներից բացի, պայմանագիրը նախատեսում է նաև Հայաստանի ու Ռուսաստանի համագործակցությունը սպառազինության և ռազմական տեխնիկայի ստեղծման, արտադրման, շահագործման, վերանորոգման, արդիականացման, կիրառման ժամկետների երկարաձգման, ինչպես նաև ոչնչացման ոլորտներում:

2 responses to “ՀՀ ՊՆ պատվիրակությունը ՌԴ-ում քննարկելու է ռազմական արտադրանքի մատակարարման հարցեր

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 14-20 հունիսի, 2015 | Ռազմ.info

  2. Pingback: Հայաստանը առաջին անգամ կմասնակցի «Բանակ-2016» ֆորումին | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *