ՊԲ նորանշանակ հրամանատար Լյովա Մնացականյանը ներկայացվել է բանակի հրամանատարությանը

Հունիսի 17-ին Արցախի նախագահ Բակո Սահակյանը Պաշտպանության բանակի հրամանատարական կազմին է ներկայացրել բանակի նորանշանակ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանին: Նրա նշանակման մասին հրամանագիրը Բակո Սահակյանը ստորագրել է դեռևս հունիսի 15-ին, իսկ նույն օրվա մեկ այլ հրամանագրով Բակո Սահակյանը ՊԲ հրամանատարի պաշտոնից ազատել է գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանին, ինչպես հայտնում է Արցախի նախագահի կայքը:

Պաշտպանության բանակի նորանշանակ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանի ներկայացումը ՊԲ անձնակազմին

Պաշտպանության բանակի նորանշանակ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանի ներկայացումը ՊԲ անձնակազմին

Հունիսի 17-ին ՊԲ նորանշանակ հրամանատարին ներկայացնելուց հետո Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել բանակի արդեն նախկին հրամանատար Մովսես Հակոբյանին՝ իրականացված ծավալուն աշխատանքի համար՝ ընդգծելով, որ նրա հրամանատարության տարիներին բանակի մարտունակությունը հասել է նոր մակարդակի, լուծում է տրվել բազմաթիվ խնդիրների: Հունիսի 15-ով թվագրվող հրամանագրով Մովսես Հակոբյանը Արցախին մատուցած բացառիկ ծառայությունների համար պարգևատվրել է «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով:

Խոսելով նորանշանակ հրամանատարի մասին` Արցախի ղեկավարը նշել է, որ Լյովա Մնացականյանը հարուստ փորձ, բանակում մեծ հեղինակություն և հարգանք վայելող, խոր գիտելիքներ ունեցող գեներալներից է, ով լավագույնս է դրսևորել իրեն զբաղեցրած բոլոր պաշտոններում: Բակո Սահակյանը համոզմունք է հայտնել, որ Լյովա Մնացականյանը նույն եռանդով կաշխատի նաև որպես Պաշտպանության բանակի հրամանատար՝ իր ողջ կարողություններն ուղղելով բանակի զորացման և դրա մարտունակության շարունակական բարձրացմանը:

Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը և այլ պաշտոնատար անձինք:

Հիշեցնենք, որ մինչ այս գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանը զբաղեցնում էր ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալի պաշտոնը, ն այդ պաշտոնից ազատվել է հունիսի 15-ին՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով:

Նախագահի մեկ այլ հրամանագրով հունիսի 15-ին ԳՇ պետի տեղակալի պաշտոնում նշանակվել է գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, ով մինչ այդ զբաղեցնում էր Պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնը:

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-մայոր Լյովա Մնացականյանը քաջալերում է նորակոչիկին կենտրոնական հավաքակայանում...

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-մայոր Լյովա Մնացականյանը քաջալերում է նորակոչիկին կենտրոնական հավաքակայանում…

Ավելացնենք, որ Լյովա Հենրիխի Մնացականյանը ծնվել է 1965 թվականի սեպտեմբերի 14-ին Ասկերանի շրջանում: Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը և ՌԴ ԶՈՒ ԳՇ ռազմական ակադեմիան:

2007 թվականին Լյովա Մնացականյանը նշանակվել է ՊԲ շտաբի պետ-հրամանատարի առաջին տեղակալ, իսկ 2012թ. հոկտեմբերի 11-ին՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ:

One response to “ՊԲ նորանշանակ հրամանատար Լյովա Մնացականյանը ներկայացվել է բանակի հրամանատարությանը

  1. Pingback: Սեյրան Օհանյանը ՊԲ ներկա և նախկին հրամանատարների հետ եղել է Արցախի առաջնագծում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *