Ռազմաշաբաթ․ Թուրքիա․ 14-20 հունիսի, 2015

Թուրքիայի բանակը ստացել է «Բայրաքթար» ԱԹՍ-ների 2-րդ խմբաքանակը • «Սիերա Նևադա» կորպորացիան Թուրքիայում ռեակտիվ ինքնաթիռների արտադրության ընկերություն է հիմնել • Թուրքիան իր ապագա բազմանպատակային ուղղաթիռի համար ընտրել է Rolls-Royce-ի շարժիչ • Թուրքիան ծրագրում է ավելացնել սահմանային ամրությունների և պահակակետերի թիվը • Թուրք-սիրիական սահմանին շարունակվում է լարվածություն պահպանվել • Թուրքիայի ԶՈւ-ում ներդրվել է քաղծառայողի զինվորական ծառայության ինստիտուտը • Ղազախստանը քննարկում է թուրքական զրահամեքենաներ արտադրելու հարցը

Թուրքական արտադրության «Բայրաքթար» հետախուզական ԱԹՍ

Թուրքական արտադրության «Բայրաքթար» հետախուզական ԱԹՍ

• Հունիսի 19-ին Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերին հանձնվել է տեղական արտադրության «Բայրաքթար» մարտավարական հետախուզական  ԱԹՍ-ների երկրորդ խմբաքանակը, որը ներառում է 6 միավոր անօդաչու թռչող սարք, 2 տեղային կայան և անհրաժեշտ պահեստամասերը։

• Ամերիկյան «Սիերա Նևադա» ինքնաթիռաշինական կորպորացիան Թուրքիայում հիմնել է ռեակտիվ ինքնաթիռների արտադրությամբ զբաղվող առաջին «ԹրՋեթ» (Թուրքիայի ռեկտիվ ավիացիայի տեխնոլոգիաների ընկերություն) ընկերությունը, որի  կենտրոնը գտնվում է Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում։

• Հունիսի 16-ին թուրքական ԹԱԻ ընկերությունը դեռևս նախագծման փուլում գտնվող թեթև բազմանպատակային ուղղաթիռի շարժիչների ձեռք բերման համար  Rolls-Royce և Honeywell International ընկերությունների համատեղ LHTEC ձեռնարկության հետ ստորագրել է համաձայնագիր, որով նախատեսում է թուրքական ուղղաթիռի համար ձեռք բերել ընկերության արտադրած CTS800  գազատուրբինային շարժիչներ։

• Թուրքիայի ԶՈւ ԳՇ-ն հայտնել է, որ պաշտպանության նախարարության սահմանապահ ամրությունների կառուցման, ինչպես նաև քաղաքաշինության նախարարության ներդրումների ծրագրով նախատեսվում էր 2011-ից 2015 թթ. կառուցել 510 ռազմական սահմանապահ ամրություն և պահակակետ, սակայն կառուցվել է միայն 253-ը։

Թուրքիայի` Սիրիային սահմանակից Աքչաքալե գավառի սահմանը հատել փորձող սիրիացիները. 13.06.2015

Թուրքիայի` Սիրիային սահմանակից Աքչաքալե գավառի սահմանը հատել փորձող սիրիացիները. 13.06.2015

• «Իսլամական պետություն» խմբավորման հսկողության տակ գտնվող սիրիական Թել Աբյադ քաղաքում ԻՊ-ի և քրդական ուժերի միջև շարունակվող բախումների հետևանքով հունիսի 12-ից քաղաքի բնակիչները փորձում են հատել Թուրքիայի սահմանը։ Երկու օր շարունակ Թուրքիայի ԶՈւ սահմանապահները զենքի սպառնալիքով արգելում էին նրանց հատել սահմանը, իսկ մյուս կողմում ԻՊ-ի զինված գրոհայինները պարտադրում էին հետ գնալ:

• Հունիսի 15-ից Թուրքիայի զինված ուժերում ներդրվել է քաղաքացիական  ծառայողի ինստիտուտը, ինչի արդյունքում փոփոխություններ են կատարվել նաև պաշտոնյաների լիազորություններում։ Այսուհետ քաղծառայողները կարող են զինվորականներին հրամաններ տալ։

• Ղազախստանյան մի շարք առաջատար ընկերություններ քննարկում են իրենց երկրի տարածքում թուրքական մի շարք զրահամեքենաների արտադրություն սկսելու հարցը։

Ռազմաշաբաթը նաև՝

Հայաստանում

Ադրբեջանում

Վրաստանում

One response to “Ռազմաշաբաթ․ Թուրքիա․ 14-20 հունիսի, 2015

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Վրաստան․ 14-20 հունիսի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *