Ռազմաշաբաթ. Ադրբեջան. սեպտեմբերի 14-20

Զինծառայողն ինքնասպան է եղել։ ADEX-2014-ի արդյունքները։ Թուրքիայի և Ադրբեջանի ռազմարդյունաբերական համագործակցությունը։ Թուրք-ադրբեջանական զորավարժություններ։ «Ռոսօբորոնէքսպորտի» հայտարարություններն Ադրբեջանի առնչությամբ։

-Ադրբեջանի զինված ուժերի՝ Բաքվում տեղակայված զորամասերից մեկի 18-ամյա զինծառայող Հուսեյնով Հուսեյն Հաբիլ օղլուն ինքնասպանություն է գործել։ Դեռևս պարզ չէ, թե երբ է արձանագրվել միջադեպը։ Հայտնի չէ նաև՝ արդյոք հարուցվել է քրեական գործ, թե ոչ։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այս պահի դրությամբ լռում է։

-2014-ի սեպտեմբերի 13-20-ն Ադրբեջանի զինված ուժերի բոլոր տեսակի ստորաբաժանումներն օպերատիվ-մարտավարական զորավարժություններ են անցկացնում թուրք զինծառայողների մասնակցությամբ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով զորավարժությունների շրջանակներում պահեստազորից մոբիլիզացվել են 10 հազար հոգի։ Այս շաբաթվա ընթացքում ավարտվել են զորավարժությունների 3 փուլերը:

-Թուրքիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները և ուղղաթիռները սեպտեմբերի 18-ին ժամանել են Ադրբեջան՝ մասնակցելու համար սեպտեմբերի 19-ից մեկնարկող համատեղ զորավարժություններին: Զաքիր Հասանովը սեպտեմբերի 19-ին այցելել է նրանց։

Վարժանքների առաջին փուլը

Վարժանքների առաջին փուլը

-Ադրբեջանի՝ կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքների գծով հանձնաժողովի նախագահ Մուբարիզ Ղուրբանլին հայտարարել է, որ Ադրբեջանի հատուկ ծառայությունները լրջորեն զբաղվում են այն ադրբեջանցիների հարցով, որոնք անդամակցել են «Իսլամական պետություն» իսլամիստական խմբավորմանը։

-2014-ի սեպտեմբերի 11-13-ը Բաքվում կայացած ADEX-2014 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ընթացքում հայտնի է դարձել, որ Ադրբեջանը ստացել է  «Բուկ-ՄԲ» միջին հեռահարության զենիթահրթիռային համալիրի երկրորդ դիվիզիոնը։

-Ռուսաստանյան պետական «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերությունը, որը մասնակցում էր Բաքվում վերջերս կայացած ADEX-2014 ռազմարդյունաբերական ցուցահանդեսին, հայտարարել է՝ առաջիկայում ավարտում են Ադրբեջանում ԱԿ-74Մ ինքնաձիգերի արտադրության գործարան հիմնելու վերաբերյալ կնքված պայմանագրի պայմանների կատարումը։

-Բաքվի նավաշինական գործարանը 2014-ի հոկտեմբերից սկսելու է շուրջ 8.5 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ նավի կառուցման աշխատանքները։ Նավը նախատեսված է Ադրբեջանի Կասպյան ծովային նավագնացության ձեռնարկության համար։

-Ադրբեջանի հետ ռազմական ու ռազմատեխնիկական ոլորտում լայնորեն համագործակցող Հարավաֆրիկյան Հանրապետության ընդդիմադիր կուսակցությունը դժգոհություն է հայտնել, որ Ադրբեջանին, ինչպես նաև Հայաստանին զենք-զինամթերք տրամադրելով՝ երկրի ղեկավարությունը ներքաշում է ՀԱՀ-ն Արցախյան հակամարտության մեջ՝ առավել սրելով այն:

-Թուրքական «Ռոքեթսան» (Roketsan) ընկերությունը պատրաստվում է Ադրբեջանի զինուժին փոխանցել 300 մմ տրամաչափի «Քասըրղա Տ-300» (թուրք.՝ Kasırğa T-300) համազարկային կրակի ռեակտիվ կայաններ մինչև 2014-ի ավարտը։

-Զինվորական կիսաճտքավոր կոշիկներ արտադրող թուրքական Yakupoğlu Deri Sanayi (YDS) ընկերության ղեկավար Վեդաթ Յաղուբօղլուն տեղեկացրել է, որ պատվեր են ստացել Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից՝ 125 հազար զույգ զինվորական կոշիկ տրամադրելու համար։

-Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության և Թուրքիայի պետական խոշորագույն ռազմարդյունաբերական «Ասելսան» (Aselsan) ընկերության միջև կնքվել է արձանագրություն, որի համաձայն՝ Բաքվում թուրքական ընկերության աջակցությամբ արտադրվելու են կապի՝ քաղաքացիական ու ռազմական նշանակության միջոցներ։

-Ադրբեջանը դիտարկում է ՌԴ-ից «Բալ-Է» (ռուս.՝ “Бал-Э”) առափնյա հրթիռային համալիրի գնման տարբերակներ, սակայն դեռևս վաղ է խոսել պայմանագրին նախորդող բանակցությունների նախապատրաստման փուլի մասին։

-ԱԹՍ-ի հետ կապված սկանդալից հետո Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հանդիպել է Իրանի պաշտպանության փոխնախարար Քասեմ Թաղիզադեին։

-Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը Ադրբեջանի ԶՈւ ներկայումս ընթացող զորավարժությունների ընթացքում խորհրդակցություն է հրավիրել։

-Ադրբեջանի «Շարունակվող զարգացում» հասարակական միության նախագահ Գյուլնարա Ամիրասլանովան հայտարարել է, որ ներկայումս Ադրբեջանի զինված ուժերում ծառայող իր որդուն հրամանատարական անձնակազմը պարբերաբար ստորացնում է։

Ռազմաշաբաթը նաև`

Հայաստանում

Թուրքիայում

 

2 responses to “Ռազմաշաբաթ. Ադրբեջան. սեպտեմբերի 14-20

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. սեպտեմբերի 14-20 | Ռազմ.info

  2. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. սեպտեմբերի 14-20 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *