Թուրքական «Ասելսան» ընկերությունն Ադրբեջանի հետ համատեղ կապի միջոցներ կարող է արտադրել

Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության և Թուրքիայի պետական խոշորագույն ռազմարդյունաբերական «Ասելսան» (Aselsan) ընկերության միջև կնքվել է արձանագրություն, որի համաձայն՝ Բաքվում թուրքական ընկերության աջակցությամբ արտադրվելու են կապի՝ քաղաքացիական ու ռազմական նշանակության միջոցներ։

Այս մասին հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը՝ հավելելով, որ արձանագրությունը կնքվել է ADEX-2014 ռազմարդյունաբերական ցուցահանդեսի շրջանակներում։ Բացի այդ, Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությանը պատկանող «Ալով» (Alov) գործարանի և «Ասելսանի» միջև կնքվել է պայմանագիր՝ գիշերային տեսողության սարքերի համատեղ ձեռնարկություն հիմնելու համար։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել՝ Ադրբեջանական «Օպտիկա-մեխանիկա» և թուրքական «Ասելսան» (Aselsan) ռազմարդյունաբերական ընկերությունները համաձայնության են եկել համագործակցության հուշագիր ստորագրելու առնչությամբ:

Հավելենք, որ թուրքական «Ասելսան» պետական ձեռնարկությունը ստեղծվել է 1975 թվականին։ Այն մասնագիտացած է ռազմական նշանակության էլեկտրոնային սարքավորումների արտադրության մեջ և համարվում է Թուրքիայի խոշորագույն ռազմարդյունաբերական ընկերությունը։ Ընկերությունն իր արտադրանքն արտահանում է նաև Միացյալ Նահանգներ։ 2014-ի հուլիսին հայտնի է դարձել՝ ընկերությունը «կուլ է տվել» իր դուստր ձեռնարկություններից ՄիՔԵՍ (MiKES)-ին։ Վերջինս ամբողջովին ձուլվել է «Ասելսանին» և այսուհետ լինելու է նրա մասերից մեկը։

Իսկ ավելի վաղ՝ 2014-ի մայիսին, Բեռլինում կայացած ILA-2014 ավիացուցահանդեսի ընթացքում «Ասելսանը» պայմանագրեր է կնքել եվրոպական Airbus կոնցերնի և բրիտանական Rolls Royce ընկերության հետ։ Դեռևս 2013-ի դեկտեմբերին Թուրքական «Ասելսանը» և ղազախական Kazakhstan Engineering ընկերությունների համատեղ ձեռնարկությունը՝  Kazakhstan Aselsan Engineering-ը (KAE), բացել է իր առաջին գործարանը Ղազախստանում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *