Զինվորական կիսաճտքավոր կոշիկներ արտադրող թուրքական Yakupoğlu Deri Sanayi (YDS) ընկերության ղեկավար Վեդաթ Յաղուբօղլուն տեղեկացրել է, որ պատվեր են ստացել Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից՝ 125 հազար զույգ զինվորական կոշիկ տրամադրելու համար։
Այս մասին հաղորդում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։ Աղբյուրը չի մանրամասնում, թե պատվերը երբ է ստացվել և ինչ ժամկետներում է իրագործվելու։ Նշենք, որ ադրբեջանական Haqqin.az լրատվական կայքն իր հերթին շեշտում է, որ գործարքի արժեքը 8 մլն ԱՄՆ դոլար է՝ առանց տեղեկության աղբյուրը հիշատակելու։
Վեդաթ Յաղուբօղլուն նաև հայտարարել է, որ հաղթել են ՌԴ զինուժին զինվորական կիսաճտքավոր կոշիկներ տրամադրելու մրցույթը: Գործարքն արժենալու է 100 մլն ԱՄՆ դոլար։ ՌԴ-ն ստանալու է ցրտադիմացկուն (մինչև -40°C դիմացող), ջրակայուն կիսաճտքավոր կոշիկներ։
Հավելենք, որ YDS-ի պատվիրատուների շարքում են Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Պորտուգալիան, Իսպանիան, Բելգիան, Նիդեռլանդները, Լյուքսեմբուրգը, Դանիան, Պարսից ծոցի երկրները։
Բացի այդ, 2012-ի սեպտեմբերին հայտնի էր դարձել՝ ընկերությունը հաղթել է Մեծ Բրիտանիայի ՊՆ-ի հայտարարած մրցույթում՝ հետևում թողնելով 46 մրցակիցներին։ Գործարքի արժեքն է 80 մլն ԱՄՆ դոլար։ Թուրքական ընկերությունը պարտավորվել է 4 տարվա ընթացքում Մեծ Բրիտանիայի զինուժին տրամադրել 300 հազար զույգ զինվորական կիսաճտքավոր կոշիկ։
Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. սեպտեմբերի 14-20 | Ռազմ.info