Ադրբեջանի պաշտպանության նախարարը խորհրդակցություն է հրավիրել

Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը Ադրբեջանի ԶՈւ ներկայումս ընթացող զորավարժությունների ընթացքում խորհրդակցություն է հրավիրել։

Ադրբեջանի պաշտպանության նախարարը խորհրդակցություն է հրավիրել

Ադրբեջանի պաշտպանության նախարարը խորհրդակցություն է հրավիրել

Ինչպես հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, խորհրդակցության ընթացքում տարբեր ստորաբաժանումների և զորամասերի հրամանատարները զեկույցներ են ներկայացրել իրենց գործունեության և ծրագրերի վերաբերյալ։ Զաքիր Հասանովն էլ իր հերթին կարևորել է զորավարժությունների անցկացումը՝ խորհրդակցության ավարտին համապատասխան հանձնարարություններ տալով ներկաներին։

Հիշեցնենք, որ  սեպտեմբերի 13-20-ն Ադրբեջանի զինված ուժերի բոլոր տեսակի ստորաբաժանումներն օպերատիվ-մարտավարական զորավարժություններ են անցկացվում, որոնց մասնակցելու են 30 հազար զինծառայող, այդ թվում՝ ՀՕՊ և զենիթահրթիռային ստորաբաժանումներից, ավելի քան 250 միավոր զրահատեխնիկա, 150 միավոր հրթիռային ու հրետանային համակարգեր, մինչև 20 միավոր ինքնաթիռներ, 15 միավոր ուղղաթիռներ և այլն։

Վարժանքների առաջին փուլում ուսումնասիրելու են հետախուզության տարբեր տեսակների համատեղության հնարավորությունները, դրանց համակարգումը, հատուկ նշանակության և ՀՕՊ ստորաբաժանումների ներգրավվումը։ Երկրորդ փուլում մշակվելու են ցանկացած պայմաններում, այդ թվում՝ լեռնային լանդշաֆտում, ցամաքային զորքերի հարձակողական գործողությունները։ Երրորդ փուլում արդեն մոտոհրաձգային ու տանկային ստորաբաժանումների զորավարժարաններում հրթիռային ու հրետանային համակարգերից, զենիթահրթիռային համալիրներից, մարտական ինքնաթիռներից և ուղղաթիռներից մարտական կրակ է արձակվելու։

Սեպտեմբերի 15-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը փոխանցել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով զորավարժությունների շրջանակներում պահեստազորից մոբիլիզացվել են 10 հազար հոգի։ Նրանք կուրսեր են անցնելու զենքի ու զինտեխնիկայի կիրառման հմտությունների, մարտական կրակի իրականացման, բարոյահոգեբանական պատրաստվածության ուղղությամբ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *