Ադրբեջանը դիտարկում է ՌԴ-ից «Բալ-Է» (ռուս.՝ “Бал-Э”) առափնյա հրթիռային համալիրի գնման տարբերակներ, սակայն դեռևս վաղ է խոսել պայմանագրին նախորդող բանակցությունների նախապատրաստման փուլի մասին։
Ինչպես Բաքվում կայացած ADEX-2014 ռազմարդյունաբերական ցուցահանդեսում հայտարարել է ռուսաստանյան պետական «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության պատվիրակության ղեկավար Էսեն Տոպոևը, ադրբեջանական կողմը դեռևս ուսումնասիրում է համալիրների գնման հնարավորությունները։
«Եթե թևակոխենք հաջորդ փուլ, պատվիրատուի հետ կխոսենք առավել հանգամանալից, իսկ հիմա մեր առաջարկը պոտենցիալ պատվիրատուի կողմից դիտարկման փուլում է»,-մանրամասնել է Տոպոևը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ 2014-ի մայիսին, ռուսաստանյան ոչ պաշտոնական աղբյուրները լուրեր էին շրջանառել, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հետաքրքրված է ՌԴ-ից «Բալ-Է» առափնյա հրթիռային համալիրի մեկ դիվիզիոնի գնմամբ՝ Կասպից ծովի առափնյա հատվածների անվտանգությունն ամրապնդելու նպատակով։ Աղբյուրը նաև շեշտում էր՝ հայկական կողմը «պետք է որ բացասական տեսանկյունից չարձագանքի հավանական գնմանը, քանի որ «Բալ-Է»-ն ունակ է ծածկել միայն ծովային տարածությունը, իսկ Հայաստանը Կասպից ծով ելք չունի»։
«Բալ-Է»-ն ռուսաստանյան «Բալ» առափնյա հրթիռային համալիրի արտահանման համար նախատեսված տարբերակն է։ ՌԴ զինուժը սկսել է շահագործել «Բալ» համալիրը դեռևս 2008-ից, այն արտադրվում է Մոսկվայի «Մեքենաշինական կոնստրուկտորական բյուրո» ԲԲԸ-ի կողմից։ Համալիրն ընդգրկում է ինքնագնաց հրամանատարական կապի և կառավարման մեքենաներ, ինքնագնաց արձակման կայաններ՝ Խ-35Է հականավային հրթիռներով, տրանսպորտային-լիցքավորող մեքենաներ։ Նախատեսված է ջրային տարածքների, ռազմակայանների, ենթակառուցվածքների, ծովային հաղորդակցության միջոցների պաշտպանության համար, կրակի հեռահարությունը մինչև 120 կմ է, հրթիռային լրակազմը՝ մինչև 64 հատ հրթիռ։
Նկատենք, որ գործարքի կնքման պարագայում Ադրբեջանը դառնալու է երրորդ երկիրը, որը շահագործում է սույն հրթիռային համալիրները։ Ներկայումս դրանք կիրառվում են ՌԴ ՌԾՈւ Կասպյան նավատորմիղի առափնյա դիվիզիոնի և 2012-ից Վիետնամի զինված ուժերի կողմից։ Ակնկալվում էր, որ «Բալ-Է»-ի առաջին գնորդը դառնալու է Լիբիան, սակայն այնտեղ 2011-ին սկսված ներքին բախումների հետևանքով ՌԴ նախագահը էմբարգո սահմանեց Լիբիային ռազմական նշանակության արտադրանք վաճառելու հարցում։
2014-ի սկզբին լուրեր էին շրջանառվում, որ Վենեսուելան ևս ՌԴ-ից գնել է «Բալ-Է» համալիրներ, սակայն Օբնոսովը հերքել է այս տեղեկությունը։