Սիրիա մեկնող ադրբեջանցիների հարցով զբաղվում են Ադրբեջանի հատուկ ծառայությունները

Ադրբեջանի՝ կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքների գծով հանձնաժողովի նախագահ Մուբարիզ Ղուրբանլին հայտարարել է, որ Ադրբեջանի հատուկ ծառայությունները լրջորեն զբաղվում են այն ադրբեջանցիների հարցով, որոնք անդամակցել են «Իսլամական պետություն» իսլամիստական խմբավորմանը։

Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական մասնաճյուղը, Ղուրբանլիի խոսքերով՝ հանձնաժողովը ևս անմասն չէ այս հարցում, և պրոֆիլակտիկ աշխատանքներ է իրականացնում ժամանակին այս կամ այն ծայրահեղական խմբավորմանն անդամակցած քաղաքացիների հետ։ «Մենք փորձում ենք բացատրել, որ Սիրիայում կատարվող իրադարձությունները որևէ առնչություն չունեն կրոնի հետ, որ «Իսլամական պետությունը» զուտ ահաբեկչական կազմակերպություն է, այն ընդամենը քողարկում է իր հիմնական նպատակները կրոնի միջոցով։ Ադրբեջանցիները միանում են այս խմբավորմանը հիմնականում բավարար տեղեկություններ չունենալու կամ արկածախնդրության պատճառով»,-շեշտել է հանձնաժողովի նախագահը։

Հավելենք, որ 2013-ի կեսերից ի վեր ադրբեջանական մամուլը, մասնավորապես՝ ԱՊԱ լրատվական գործակալությունը, հաղորդում են Սիրիայում կռվող և սպանված, հիմնականում ծայրահեղ իսլամիստական խմբավորումներին անդամակցած Ադրբեջանի քաղաքացիների մասին։ Ադրբեջանական մամուլը չի հստակեցնում՝ ինչ աղբյուրներից է քաղել տեղեկությունը, բացի այդ էլ, մինչ օրս Ադրբեջանի ԱԳՆ-ն չի հաստատել, որ սպանված զինյալներն ադրբեջանցիներ են կամ Ադրբեջանի քաղաքացիներ։

Նկատենք նաև, որ ադրբեջանական ոչ պաշտոնական աղբյուրները 2014-ի հունիսին տեղեկություններ էին տարածել Ադրբեջանի քաղաքացիների՝ Իրաք մեկնելու և իսլամիստական խմբավորումներին անդամագրվելու մասին։

Մասնավորապես, Haqqin.az կայքի աղբյուրներով՝ Ադրբեջանից Իրաք կռվելու են մեկնել առնվազն 10 քաղաքացիներ: Ադրբեջանական լրատվամիջոցները 2014-ի հուլիսին տեղեկություններ են շրջանառել Իրաքի տարածքում «Իսլամական պետություն» իսլամիստական խմբավորման շարքերում մարտնչող ադրբեջանցու՝ Իրաքում մարտերի ընթացքում սպանվելու մասին։

One response to “Սիրիա մեկնող ադրբեջանցիների հարցով զբաղվում են Ադրբեջանի հատուկ ծառայությունները

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. սեպտեմբերի 14-20 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *