Հարավաֆրիկյան Հանրապետության ընդդիմությունը դեմ է Ադրբեջանին զենք-զինամթերք վաճառելուն

Ադրբեջանի հետ ռազմական ու ռազմատեխնիկական ոլորտում լայնորեն համագործակցող Հարավաֆրիկյան Հանրապետության ընդդիմադիր կուսակցությունը դժգոհություն է հայտնել, որ Ադրբեջանին, ինչպես նաև Հայաստանին զենք-զինամթերք տրամադրելով՝ երկրի ղեկավարությունը ներքաշում է ՀԱՀ-ն Արցախյան հակամարտության մեջ՝ առավել սրելով այն:

Մատադոր զրահափոխադրիչը Բաքի զորահանդեսի ժամանակ

Մատադոր զրահափոխադրիչը Բաքի զորահանդեսի ժամանակ

Ինչպես հաղորդում է հարավաֆրիկյան Politicsweb.co.za կայքը, այս մասին հաղորդագրություն է տարածել ընդդիմության կազմավորած այսպես կոչված «ստվերային կառավարության» պաշտպանության նախարար Դեյվիդ Մեյնիերը: Նրա խոսքերով՝ ինքը հայց է ուղարկելու ՀԱՀ-ի Սովորական սպառազինությունների վերահսկման ազգային հանձնաժողովի նախագահ Ջեֆ Ռադեբեին՝ խնդրելով հստակություն մտցնել Ադրբեջանին ու Հայաստանին զենք-զինամթերք տրամադրելու հարցում: Համաձայն աղբյուրի՝ 2012-ին ՀԱՀ-ն Ադրբեջանին վաճառել է 40 հատ դիպուկահար հրացաններ՝ իրենց փամփուշտներով, իսկ նույն ժամանակ Հայաստանին՝ 100 հատ գնդացիր:

Հետաքրքիր է այն հանգամանքը, որ ընդդիմադիր գործիչը հիշատակում է միայն 40 հատ դիպուկահար հրացանները, սակայն չգիտես ինչու շրջանցում է բաց աղբյուրներից վաղուց հայտնի այն փաստը, որ դեռևս 2006-2007-ից  հարավաֆրիկյան Paramount Group-ն ակտիվ համագործակցում է Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության հետ: Paramount Group ընկերության տրամադրած մարտական հանգույցներով 2009-ից Ադրբեջանում հավաքվում են «Մատադոր» և «Մարադյոր» զրահամեքենաներ։ Համաձայն «Ռուսաստանյան զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի» 2013-ի զեկույցի՝ 2011-ից Ադրբեջանում  հավաքել են 30-ական միավոր նշված զրահամեքենաներից։ Ավելին, Paramount Group և ադրբեջանական AirTechServices Corporation ընկերությունները Բաքվում ընթացող ADEX 2014 ռազմարդյունաբերական ցուցահանդեսի շրջանակներում վերջերս համաձայնագիր են կնքել՝ համատեղ Paramount Aerospace Azerbaijan ընկերության ստեղծման համար։ Ինչպես հաղորդում է հարավաֆրիկյան Defenceweb.co.za կայքը, ստեղծվելիք ընկերությունը զբաղվելու է ուղղաթիռների և անշարժ թևերով թռչող սարքերի (ինքնաթիռների որոշ տեսակներ) վերանորոգմամբ ու արդիականացմամբ։

One response to “Հարավաֆրիկյան Հանրապետության ընդդիմությունը դեմ է Ադրբեջանին զենք-զինամթերք վաճառելուն

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. սեպտեմբերի 14-20 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *