Բաքվի նավաշինական գործարանը 8.5 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ նավ է կառուցելու

Բաքվի նավաշինական գործարանը 2014-ի հոկտեմբերից սկսելու է շուրջ 8.5 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ նավի կառուցման աշխատանքները։ Նավը նախատեսված է Ադրբեջանի Կասպյան ծովային նավագնացության ձեռնարկության համար։ Հայտնի է նաև, որ գործարանն արդեն պատվերներ է ստացել Ղազախստանից և Թուրքմենստանից։

38M նախագծի կատեր

38M նախագծի կատեր

Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը, հղում տալով գործարանի գլխավոր տնօրենի տեղակալ Իմամվերդի Հասանովի խոսքերին, Կասպյան ծովային նավագնացության ձեռնարկությունն ընթացիկ տարվա ապրիլին իրենց պատվիրել է 3 նավ՝ յուրաքանչյուրը 80 հոգի անձնակազմով, դրանցից ամեն մեկի կառուցումը տևելու է 18 ամիս։ Ներկայումս, ըստ աղբյուրի, գործարանում ընթանում են Կասպյան ծովային նավագնացության ձեռնարկության խոշորագույն հորատային կայանի համար լողացող ծածկերի ստեղծման աշխատանքները, որոնք պետք  է որ ավարտվեն 2014-ի նոյեմբերին։

Բացի այդ, Ադրբեջանի պետական նավթային ընկերության «Շահդենիզ» նավթահանքի համար գործարանում կառուցում են 378 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ ստորջրյա նավ, որը պատրաստ է լինելու 2017-ին։

Հասանովը տվյալներ է հրապարակել նաև բուն գործարանի կառուցման աշխատանքների փուլերի վերաբերյալ. «Ներկայումս գործարանի կառուցման համար ներդրվել է 470 մլն ԱՄՆ դոլար։ Կառուցումն ընդհանուր առմամբ երեք փուլերով է։ Երկրորդ փուլին նախատեսել ենք 180 մլն դոլար։ Ներկա դրությամբ գործարանում աշխատում են 500 հոգի, որոնցից 40-ը Սինգապուրից ժամանած մասնագետներ են»։

Նկատենք, որ վերոհիշյալ 3 նավերը ըստ ամենայնի Ռուսաստանյան նավագնացության ծովային ռեգիստրի՝ դեռևս 2014-ի հուլիսին հայտնի դարձած պատվերն է. 38М նախագծի 3 միավոր արագընթաց ուղևորատար կատերները, որոնք կիրառելու է Ադրբեջանի Կասպյան ծովային նավագնացության ձեռնարկությունը Կասպից ծովում Ադրբեջանին պատկանող հորատման լողացող կայանների վրա բեռներ տեղափոխելու համար։ Դրանք պետք է նախատեսված լինեն 80 հոգու փոխադրման համար, երկարությունը պետք է որ լինի 38.22 մ, լայնությունը՝ 8.2 մ, խորությունը՝ 4.3 մ, թաղվածքը՝ 2.25 մ, անձնակազմը՝ 8 հոգի։ Նկատենք, որ կատերների դիզայնով զբաղվելու է սինգապուրյան SHIPTECH ընկերությունը։

Հարկ է ընդգծել, որ վերոհիշյալ կատերների ստեղծման աշխատանքների վերահսկման համար պայմանագիրը ռուսաստանյան կազմակերպությունն Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) հետ կնքել էր դեռևս 2014-ի փետրվարի վերջին։ Այդ ժամանակ հաղորդվում էր 38M նախագծի 10 միավոր կատերների ստեղծման ծրագրերի մասին։

Ինչ վերաբերում է «Շահդենիզի» համար պատրաստվող,  ստորջրյա տեխնիկական աշխատանքներում կիրառվող նավին, ապա դրա համար առաձին պայմանագիր էին կնքել 2014-ի ապրիլի 24-ին «Բաքվի նավաշինական գործարան» ԲԲԸ-ն և bp Exploration («Շահդենիզ-2») ԲԲԸ-ն ։ Այս գործարքը սույն գործարանի կնքած ամենանշանակալից պայմանագիրն է։

Հավելենք նաև, որ «Բաքվի նավաշինական գործարանն» Ադրբեջանի ու Սինգապուրի համատեղ կազմակերպություն է։ 2010-ին Ադրբեջանի պետական նավթարդյունաբերական ընկերության (SOCAR) տնօրեն Ռովնագ Աբդուլաևի՝ Սինգապուր կատարած այցի ժամանակ SOCAR-ի, սինգապուրական Keppel Offshore and Marine ընկերության և Ադրբեջանի ներդրումային ընկերության միջև կնքվել է պայմանագիր, որով նախատեսված էր Բաքվում նավաշինական գործարան հիմնել։

Ընդ որում, բաժնետոմսերի 65 տոկոսը SOCAR-ինն է, 25 տոկոսը՝ Ադրբեջանի ներդրումային ընկերությանը, 10 տոկոսը՝ Keppel Offshore and Marine ընկերությանը։ Ավելի վաղ՝ 2009-ի վերջին, կողմերը փոխհամաձայնության հուշագիր էին կնքել։

Նավաշինարանը նախագծել էին բրիտանական Royal Haskoning և նիդեռլանդական TTС ընկերությունները։ SOCAR-ի տվյալներով՝ նավաշինական գործարանի կառուցման համար ընդհանուր առմամբ ծախսվել է 470 մլն ԱՄՆ դոլար, ինչի մասին Հասանովը ևս հիշատակել էր։ Գործարանը պաշտոնապես գրանցվել է որպես ԲԲԸ 2011-ի մայիսին, իսկ 2013-ի սեպտեմբերի 20-ին այն սկսել են շահագործել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *