Թուրքիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները և ուղղաթիռները սեպտեմբերի 18-ին ժամանել են Ադրբեջան՝ մասնակցելու համար սեպտեմբերի 19-ից մեկնարկող համատեղ զորավարժություններին:
Ինչպես հաղորդում է Թուրքիայի ԶՈւ ԳՇ պաշտոնական կայքը, սեպտեմբերի 19ից մինչև հոկտեմբերի 3-ն ընկած ժամակահատվածում Թուրքիայի օդուժն ու զինծառայողները մասնակցելու են Ադրբեջանում ՀՕՊ զորավարժությունների: Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ դրանց ընթացքում կիրառվելու են Ադրբեջանի և Թուրքիայի ՌՕՈւ Միգ-29, F-16 կործանիչներ, Սու-25 գրոհիչներ, C-130 Hercules բեռնատար ինքնաթիռներ, Մի-24, AH-1W Super Cobra մարտական ուղղաթիռներ, Մի-17 բեռնատար, Sikorski UH-60 բազմանպատակային ուղղաթիռներ և այլն: Երկու երկրների ռազմաօդային ուժերը փորձելու են վարժանքների ընթացքում համատեղ ջանքերով վերգետնյա թիրախներ ոչնչացնել: