Զաքիր Հասանովը հերթական անգամ հավաստիացնում է՝ Իրանի դեմ Ադրբեջանի տարածքը չի կիրառվի

ԱԹՍ-ի հետ կապված սկանդալից հետո Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հանդիպել է Իրանի պաշտպանության փոխնախարար Քասեմ Թաղիզադեին։

Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանով

Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանով

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալության ադրբեջանական մասնաճյուղը, հղում տալով իրանյան լրատվամիջոցներին, հանդիպման ընթացքում Հասանովը հատկապես շեշտել է, որ «ոչ մի դեպքում Ադրբեջանը թույլ չի տա կիրառել իր ցամաքային և օդային տարածքն Իրանի Իսլամական Հանրապետության դեմ»։

Ուշագրավ է, որ օգոստոսի վերջին, երբ իրանական պաշտոնական աղբյուրները տեղեկություններ էին տարածել, որ Իրանի իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսի հետախուզական ստորաբաժանումները խոցել են իսրայելական անօդաչու թռչող սարք, որը թռիչքներ կատարելիս է եղել Իրանի Նատանզ միջուկային օբյեկտի շրջակայքում, իրանական կողմը կասկածներ էր հայտնել՝ չի բացառվում, որ անօդաչուն արձակված լիներ Ադրբեջանի տարածքից, մասնավորապես Նախիջևանից։ The Aviationist բրիտանական պարբերականի հավաստիացմամբ՝ Իրանի խոցած անօդաչուն արտաքին տեսքով բավականին նման է 2011-ի սեպտեմբերի 12-ին` ժամը 07:00-ի սահմաններում, Արցախի ՀՕՊ և ՌԷՊ ստորաբաժանումների գործողությունների արդյունքում Մարտունու շրջանի Վազաշեն գյուղի օդային տարածքում խոցված ադրբեջանական ԱԹՍ-ին։

Բացի այդ, դեռևս 2012-ի դեկտեմբերին Իրանը մեղադրանքներ էր հղել ադրբեջանական կողմին, որ վերջինս թույլ է տալիս իր տարածքը կիրառել իսրայելական արտադրության ԱԹՍ-ների միջոցով Իրանի սահմանը հետախուզելու նպատակով: Ադրբեջանն էլ իր հերթին ավելի վաղ ձերբակալել էր Իրանի 6 քաղաքացիների, որոնք, ադրբեջանական կողմի վկայությամբ, հետախուզական գործունեություն էին ծավալում Ադրբեջանի տարածքում՝ փորձելով գտնել այն ավիակայանները, որտեղից էլ արձակվում էին Ադրբեջանին պատկանող իսրայելական արտադրության անօդաչուները:

One response to “Զաքիր Հասանովը հերթական անգամ հավաստիացնում է՝ Իրանի դեմ Ադրբեջանի տարածքը չի կիրառվի

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. սեպտեմբերի 14-20 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *