Չի բացառվում, որ Իրանում խոցված իսրայելական ԱԹՍ-ն Ադրբեջանից արձակված լիներ. The Aviationist

Օգոստոսի 24-ին իրանական պաշտոնական աղբյուրները տեղեկություններ էին տարածել, որ Իրանի իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսի հետախուզական ստորաբաժանումներն օրերս խոցել են իսրայելական անօդաչու թռչող սարք, որը թռիչքներ կատարելիս է եղել Իրանի Նատանզ միջուկային օբյեկտի շրջակայքում:

Իրանում խոցված, իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարք

Իրանում խոցված, իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարք

Ինչպես հաղորդել էր իրանական «Ֆարս» լրատվական գործակալությունը, անօդաչուն խոցվել էր «օդ-մակերևույթ» դասի հրթիռով։ Իրանի իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսի օդուժի հրամանատար, բրիգադի գեներալ Ամիր Ալի Հաջիզադեի խոսքերով՝ անօդաչուն «հետախուզական է, Hermes տիպին է պատկանում, արտադրվել է Իսրայելում»։ Բրիտանական The Daily Mail-ի համաձայն՝ Իսրայելը հրաժարվել է մեկնաբանել միջադեպը, իսկ խոցված անօդաչուի՝ համացանցում տարածած լուսանկարներից երևում է՝ դրա վրա տարբերակիչ նշաններ չկան։

Hermes 450 ԱԹՍ

Hermes 450 ԱԹՍ

Այդուհանդերձ, ինչպես նկատել է The Aviationist պարբերականը, Հաջիզադեն շեշտել է՝ անօդաչուի թռիչքի հեռավորությունը  1600 կմ է, մինչդեռ Hermes 450-ինը 800 կմ-ից պակաս է։ Բացի այդ էլ, լուսանկարում ներկայացված անօդաչուն չափերով ու ձևով նման չէ ո´չ Hermes 180-ին, ո´չ Hermes 450-ին։  Փոխարենը, կայքը մեջբերում է դեռևս 2011-ին հայկական կողմի ոչնչացրած ադրբեջանական ԱԹՍ-ն։

Այսպես, 2011-ի սեպտեմբերի 12-ին` ժամը 07:00-ի սահմաններում, Արցախի ՀՕՊ և ՌԷՊ ստորաբաժանումների գործողությունների արդյունքում Մարտունու շրջանի Վազաշեն գյուղի օդային տարածքում խոցվեց ադրբեջանական զինուժի ԱԹՍ, որը, հայկական կողմի գնահատմամբ, կամ Hermes 450 է, կամէլ Hermes-180-իու Hermes 450-իհիբրիդային-սուրոգատ տարբերակ: 1994-ից մինչ օրս դա ադրբեջանական թռչող սարքի՝հայկական զինուժի կողմից ոչնչացվելու մեզ հայտնի առաջին դեպքն էր: Հայկական կողմը սեփական ջանքերով վերականգնել էր խփված ԱԹՍ-ն և ցուցադրել այն Ստեփանակերտի զորահանդեսին։

The Aviationist-ի հավաստիացմամբ՝ Իրանի խոցած անօդաչուն արտաքին տեսքով բավականին նման է վերոհիշյալ ադրբեջանական հիբրիդին, ուստի չի բացառվում, որ Ադրբեջանի տարածքից, մասնավորապես Նախիջևանից է արձակվել։

Նկատենք, որ դեռևս 2012-ի դեկտեմբերին Իրանը մեղադրանքներ էր հղել ադրբեջանական կողմին, որ վերջինս թույլ է տալիս իր տարածքը կիրառել իսրայելական արտադրության ԱԹՍ-ների միջոցով Իրանի սահմանը հետախուզելու նպատակով:

Ադրբեջանի խփված ԱԹՍ, ցուցադրվում է Ստեփանակերտի զորահանդեսին

Ադրբեջանի խփված ԱԹՍ, ցուցադրվում է Ստեփանակերտի զորահանդեսին

Ադրբեջանն էլ իր հերթին ավելի վաղ ձերբակալել էր Իրանի 6 քաղաքացիների, որոնք, ադրբեջանական կողմի վկայությամբ, հետախուզական գործունեություն էին ծավալում Ադրբեջանի տարածքում՝ փորձելով գտնել այն ավիակայանները, որտեղից էլ արձակվում էին Ադրբեջանին պատկանող իսրայելական արտադրության անօդաչուները:

Ուշագրավ է, որ ադրբեջանական կողմն արդեն արձագանքել է սույն հրապարակմանը. մասնավորապես ադրբեջանական Haqqin.az կայքը որակել է The Aviationist-ին հրապարակումը՝ որպես «իսրայելական կողմի սադրանք՝ ուղղված Ադրբեջանի և Իրանի հարաբերությունները վատթարացելուն»։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն էլ կտրականապես հերքել է այս տեղեկությունը։ Լուրը շտապել է հերքել նաև Ադրբեջանի նախագահական աշխատակազմը։

Հավելենք, որ համաձայն Ստոկհոլմի  միջազգային ինստիտուտի (SIRPI) տվյալների՝ Ադրբեջանն իսրայելական Elbit Systems-Ից պատվիրել է 10 միավոր Hermes 450 դեռևս 2008-ին:

Hermes 450 բազմանպատակային հետախուզական անօդաչու թռչող սարքի արտադրողն իսրայելական Elbit Systems ընկերության դուստր ձեռնարկությունն է՝ Silver Arrow ընկերությունը։ Անօդաչուն նախատեսված է հետախուզական ու պարեկային թռիչքների համար, կարող է կիրառվել նաև կրակի ուղղորդման նպատակով։ Hermes-450-ի հիմնական առանձնահատկությունն այն է, որ անօդաչուն կազմված է կոմպոզիտ՝ տարասեռ բաղադրիչներից, ինչն էլ բարդեցնում է դրա հայտնաբերումը համապատասխան սարքերի կողմից։

Անօդաչուի երկարությունը 6 մ է , բարձրությունը՝ 1.80 մ, թևերի բացվածքը՝ 10.50 մ, զանգված՝ 200 կգ, առավելագույն արագությունը՝ 176 կմ/ժ, թռիչքի տևողությունը՝ 14-20 ժամ։

Իսրայելական կողմի հավաստիացմամբ՝ Hermes-450-ն ունակ է կրել «օդ-մակերևույթ» դասի հրթիռներ: ԱԹՍ-ն ունի էլեկտրաօպտիկական, ինֆրակարմիր ու լազերային հաղորդիչներ: Մեկ միավորի արժեքը տատանվում է 2 մլն ԱՄՆ դոլարից մինչև 10 մլն:

Այս ԱԹՍ-ի 450 ինդեքսն անօդաչուի առավելագույն թռիչքային զանգվածի ցուցիչն է: Ունի երկու տարբերակ. մեկ շարժիչով ԱԹՍ-ի դեպքում շարժիչը պոչամասից ներքև է տեղադրված, երկշարժիչ տարբերակում՝ շարժիչները թևերից ներքև ամրացված կոնտեյներներում են: Սարքն ունի եռանիվ չհավաքվող շասսի: ԱԹՍ-ի վերելքն ու վայրէջքը կատարվում են վերգետնյա կայանի օպերատորի ցուցումներով:
Առաջին թռիչքը կատարել է 1994-ին, շահագործման սկիզբը՝ 2000-ին, հիմնական շահագործողներն են Իսրայելի ՌՕՈւ-ն, ԱՄՆ-ն,Վրաստանը, Ղազախստանը, Բոցվանան, Բրազիլիան, Կոլումբիան, Մեքսիկան, Սինգապուրը, Խորվաթիան, Չիլին։
Շահագործողներից Մեծ Բրիտանիան 2007-ի կեսերին Elbit Systems-ի հետ 110 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ պայմանագիր էր կնքել, որը բացի Hermes 450-ների ստացումից, ենթադրում էր նաև դրանց տեխնիկական սպասարկում և օպերատորների ուսուցում:

Hermes 450-ի շահագործողների շարքում նշել էինք նաև Վրաստանը: Վերջինս նմանատիպ անօդաչուներ էր գնել Իսրայելից՝ 2008-ի վրաց-օսեթական պատերազմում կիրառելով: Աբխազիան պնդում է, որ պատերազմական գործողությունների ընթացքում ոչնչացրել է վրացական օդուժի 7 նման ԱԹՍ, Վրաստանն ընդունում է միայն մեկի կորուստը, այն էլ մեղադրում է ՌԴ-ի ՄիԳ-29 կործանիչին իր ԱԹՍ-ն ոչնչացնելու համար:

Իսրայելական օդուժն իր հերթին 2000-2013 թթ. պաշտոնական տվյալներով կորցրել է 3 միավոր Hermes 450:

One response to “Չի բացառվում, որ Իրանում խոցված իսրայելական ԱԹՍ-ն Ադրբեջանից արձակված լիներ. The Aviationist

  1. Pingback: Զաքիր Հասանովը հերթական անգամ հավաստիացնում է՝ Իրանի դեմ Ադրբեջանի տարածքը չի կիրառվի | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *