Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն ու Ադրբեջանի ՊՆ ղեկավար կազմն այսօր՝ սեպտեմբերի 19-ին, այցելել են այն օդակայանը, որտեղ կայանել են Ադրբեջան ժամանած Թուրքիայի օդուժի ինքնաթիռները և ուղղաթիռները, որոնք մասնակցում են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններին։
Ինչպես հաղորդում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը, Հասանովը ծանոթացել է թուրք զինծառայողների հետ, հետաքրքրվել մարտական ավիացիայի ու համազարկային կրակի ռեակտիվ կայանների վիճակով ու պատրաստվածության աստիճանով։
Այնուհետև Ադրբեջանի ՌՕՈւ ներկայացուցիչ, գնդապետ Էլչին Ահունդովը և Թուրքիայի ՌՕՈւ ներկայացուցիչ, գնդապետ Նիջադ Չիրաքօղլուն հանդես են եկել կարճ ասուլիսով՝ խոսելով զորավարժություններից և դրանցում մարտական ինքնաթիռների գործարկումից։
Նշենք նաև, որ Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը տարածել է Զաքիր Հասանովի լուսանկարն օդակայանից՝ Թուրքիայի ՌՕՈւ F-16 կործանիչում թուրք սպայի հետ։
Հավելենք, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները և ուղղաթիռները սեպտեմբերի 18-ին ժամանել են Ադրբեջան՝ մասնակցելու համար սեպտեմբերի 19-ից մեկնարկող համատեղ զորավարժություններին: Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ դրանց ընթացքում կիրառվելու են Ադրբեջանի Միգ-29 կործանիչներ, Սու-25 գրոհիչներ,Մի-24 մարտական ուղղաթիռներ, Մի-17 բեռնատար ուղղաթիռներ, Թուրքիայի ՌՕՈւ F-16 կործանիչներ, C-130 Hercules բեռնատար ինքնաթիռներ, AH-1W Super Cobra մարտական ուղղաթիռներ, Sikorski UH-60 բազմանպատակային ուղղաթիռներ և այլն: Երկու երկրների ռազմաօդային ուժերը փորձելու են վարժանքների ընթացքում համատեղ ջանքերով վերգետնյա թիրախներ ոչնչացնել: