Ռազմաշաբաթ. Ադրբեջան. դեկտեմբերի 17-21

Ոչ մարտական պայմաններում 2 վիրավոր: Ռազմարդյունաբերության նախարարի հայտարարությունները: Նախիջևանում «Հատուկ համազորային բանակ»-ի ստեղծում: Զաքիր Հասանովի այցերը: ԱՄՆ-ի հետ պայմանագրի երկարացում: Մեկնարկել է հերթական զորակոչը:

Orbiter-2M ԱԹՍ

Orbiter-2M ԱԹՍ

-Ադրբեջանի պաշտպանության նախարարության զորամասերից մեկում գրանցված միջադեպի արդյունքում սրտի շրջանում ստացած վնասվածքով զինվորական հոսպիտալ է տեղափոխվել Խաթայի շրջանից զորակոչված Սուրհայ Մուրադովը, որին դանակահարել է Գուբայի շրջանից զորակոչված 19-ամյա Զաուր Ռուսթամովը: Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը չի մեկնաբանել միջադեպը:

-Ադրբեջանում՝ առաջնագծին մոտ տեղակայված զորամասերից մեկում, 1994-ին ծնված Նազիմ Համլետ օղլու Զահիրովը զենքի հետ անզգույշ վարմունքի հետևանքով իրեն ամրակցված ինքնաձիգից ինքն իրեն հրազենային վնասվածք է հասցրել։ Նրան տեղափոխել են հոսպիտալ: Ադրբեջանի ՊՆ-ն կրկին չի մեկնաբանել միջադեպը:

-Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը դեկտեմբերի 18-ին  ընդունել է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պլանավորման և սկզբունքների վարչության պետ, կորպուսի գեներալ Ալփասլան Էրդողանին։

-Ադրբեջանի ռազմարդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը հայտարարել է՝ Ադրբեջանը 2013-ին արտադրել է 10 միավոր «Օրբիտեր-2Մ» անօդաչու թռչող սարք: Ադրբեջանական լրատվակայքերը, կիրառելով այս հանգամանքը՝ որպես քարոզչական միջոց, ներկայացնում են «Օրբիտեր-2Մ» ԱԹՍ-ն որպես սեփական արտադրություն, մինչդեռ Ադրբեջանն իրականում ձեռք է բերել դրա արտադրման արտոնագիրն Aeronautics Defense Systems ընկերությունից, բացի այդ, Ջամալովը ավելի վաղ հայտարարել էր 6 անգամ ավել նմանատիպ ԱԹՍ արտադրելու մասին։

-Յավեր Ջամալովը հայտարարել է, որ մոտ ժամանակներս ադրբեջանական արտադրության Mübariz («Մուբարիզ») դիպուկահար հրացանը հանձնվելու է զինված ուժերի շահագործմանը։ դիպուկահար հրացանը կրում է ադրբեջանցի ենթասպա Մուբարիզ Իբրահիմովի անունը։ Վերջինս 2010-ի հունիսի 18-ին դիվերսիոն գործողություններ էր իրականացրել՝ ներխուժելով Արցախի հայկական դիրքեր:

-Դեկտեմբերի 20-ին հայտնի է դարձել, որ Ադրբեջանի՝ Նախիջևանի 5-րդ բանակային կորպուսի հիման վրա ստեղծվել է «Հատուկ համազորային բանակ», որի գործառույթներն ու կառույցներն անհայտ են։

-Դեկտեմբերի 18-ին Ադրբեջանի Միլլի Մեջլիսին օրինագիծ է ներկայացվել՝ ԱՄՆ-ի հետ ռազմական համագործակցության պայմանագրի ժամկետը ևս 5 տարով երկարացնելու վերաբերյալ։ Ադրբեջանի և ԱՄՆ ՊՆ-ները համագործակցության պայմանագիր են կնքել 2003-ին՝ 10 տարի ժամկետով։

-Դեկտեմբերի 14-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է հերթական զորակոչի հրամանագիրը։ Ըստ հրամանագրի՝ 2014-ի հունվարի 1-30-ը պարտադիր զինծառայության են զորակոչվելու 18-ը լրացած, 1996-ին ծնված, ինչպես նաև մինչև 35 տարեկան, 1979-1995-ին ծնված քաղաքացիները:

-Ադրբեջանում՝ Աղդամի շրջանի Մահրըզլը գյուղում, ադրբեջանցի բնակիչներից մեկը՝ Ինթիհամ Ասադովը, հայտնաբերել է հակատանկային ականի՝ ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ «մարտական գլխիկ» ու հանձնել մոտակա զորամասին:

-Դեկտեմբերի 17-ին Բաքվի՝ Պատերազմի, աշխատանքի ու զինված ուժերի վետերանների խորհրդում նախագահի ընտրություններ են կայացել։ Նախագահ է ընտրվել ԶՈւ պահեստազորի գնդապետ, պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Մահերամ Ջահանգիրովը, իսկ քարտուղար՝ պահեստի գնդապետ Իսա Հասիմովը:

-Դեկտեմբերի 17-ին Բաքվում կայացել են Ադրբեջանի ու Ֆրանսիայի միջև ռազմական համագործակցության վերաբերյալ քննարկումներ, որոնց ավարտին ստորագրվել է երկկողմ գործողությունների ծրագիր 2014-ի համար։

Ռազմաշաբաթը նաև՝

Հայաստանում

Թուրքիայում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *