Իսրայելական Օրբիտեր անօդաչու թռչող սարքը՝ ադրբեջանական քարոզչության միջոց

Ադրբեջանի ռազմարդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը հայտարարել է՝ Ադրբեջանը 2013-ին արտադրել է 10 միավոր «Օրբիտեր-2Մ» անօդաչու թռչող սարք, սակայն ավելի վաղ հայտարարել էր 6 անգամ ավել նմանատիպ ԱԹՍ արտադրելու մասին։

Orbiter-2M ԱԹՍ

Orbiter-2M ԱԹՍ

Ադրբեջանական լրատվակայքերը, կիրառելով այս հանգամանքը՝ որպես քարոզչական միջոց, ներկայացնում են «Օրբիտեր-2Մ» ԱԹՍ-ն որպես սեփական արտադրություն, մինչդեռ Ադրբեջանն իրականում ձեռք է բերել դրա արտադրման արտոնագիրն Aeronautics Defense Systems ընկերությունից։

«Օրբիտեր» ԱԹՍի մարտավարատեխնիկական տվյալներ

  • Թևի բացվածքը՝ 2.2 մ
  • Երկարությունը՝ 1 մ
  • Ազդեցության տարածքը՝ 50 կմ
  • Թռիչքի առավելագույն բարձրությունը՝ 5500 մ
  • Առավելագույն արագությունը՝ 140 կմ/ժ
  • Թռիչքի տևողությունը՝ 3 ժամ
  • Առավելագույն թռիչքային զանգվածը՝ 6.5 կգ
  • Արձակվում է կատապուլտի միջոցով, թռիչքի նախապատրաստությունը՝ 10 րոպե։

Ռուսաստանյան «Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի» կայքի համաձայն՝ 2009-ին պաշտոնական Բաքվի ու իսրայելական Aeronautics Defense Systems-ի միջև կնքվել է պայմանագիր՝ Ադրբեջանում հետախուզական ու հարվածային անօդաչու թռչող սարքերի գործարան հիմնելու վերաբերյալ։ Գործարանը շահագործման էր հանձնվել 2011-ի գարնանը։ Գործարանի սեփականատերն Ադրբեջանի կողմից նշվում է Azad Systems ընկերությունը, որը բացվել է 2011-ի մարտի սկզբին։

Նշենք նաև, որ Aeronautics Defense Systems-ն ԱԹՍ-ներ արտադրող երրորդ խոշորագույն իսրայելական ընկերությունն է՝ Israel Aerospace Industries ու Elbit Systems ընկերությունից հետո։

Նկատենք, որ դեռևս 2010-ի մայիսին Յավեր Ջամալովը հայտարարել էր՝ իսրայելական ընկերության հետ համատեղ անօդաչուների արտադրություն է հիմնվելու։ Փաստորեն, գործարանը բացվեց 2011-ի գարնանը։

Ավելին, 2011-ին Ադրբեջանը հայտարարել էր՝ նույն տարվա վերջին արտադրելու է 60 միավոր «Օրբիտեր-2Մ» ԱԹՍ։ Սակայն տարվա վերջին այդ քանակի արտադրության վերաբերյալ Ադրբեջանը ոչինչ չի հաղորդում։

Փոխարենը, 2012-ի հունվարի սկզբին Յավեր Ջամալովը կրկին հայտարարել էր՝ ծրագրել են արտադրել 60 միավոր «Օրբիտեր-2Մ» ԱԹՍ, բայց կրկին այս ծրագրերի իրականացման վերաբերյալ որևէ բան չի հաղորդվում։ Եվ ահա, այսօր՝ դեկտեմբերի 17-ին, Ջամալովը շեշտում է՝ 2013-ին արտադրել են ընդամենը 10 միավոր ԱԹՍ։ Սույն տեղեկությանը ևս պետք է զգուշությամբ վերաբերյալ, քանի որ բացի Ջամալովի խոսքերից, որևէ այլ աղբյուր ու ապացույց չունենք, որ նշված քանակի «Օրբիտեր-2Մ»-եր իրոք արտադրվել են։

Հավելենք նաև, որ իսրայելայան արտադրության ԱԹՍ-ները դժգոհության տեղիք են տվել։ Այսպես, վրացիները դժգոհում էին Իսրայելի տրամադրած անօդաչու թռչող սարքերից, ինչը ժամանակին նույնիսկ վրաց-իսրայելական սկանդալի ու դատական քաշքշուկների առիթ դարձավ։

Բացի վրացիներից, իսրայելական զինատեսակների նկատմամբ հանրային հիացմունքը չէին կիսում նաև ռուս զինվորականները, ովքեր ձեռք էին բերել որոշ քանակությամբ անօդաչու թռչող սարքեր։

Վերադառնալով իսրայելաադրբեջանական համատեղ արտադրության ԱԹՍ-ներին, նշենք, որ ստացվում է՝ գործ ունենք ադրբեջանական կողմի հերթական քարոզչական քայլի հետ, երբ սպառազինության արտադրման սեփական ծրագրերից հետ ընկնելու միտումը շրջանցվում է, և թեման մատուցվում է որպես արտադրության ձեռքբերում, իսկ այլ պետության հետ համատեղ արտադրանքը որպես սեփական արտադրություն։

Դեպքը եզակի չէ. Հարավաֆրիկյան Հանրապետության մատակարարած հանգույցներով Ադրբեջանում ընդամենը հավաքված 30-ական միավոր Marauder և Matador զրահամեքենաներն ադրբեջանական մամուլը ներկայացնում է իբրև Ադրբեջանի ռազմարդյունաբերության ձեռքբերում։