Դեկտեմբերի 20-ին հայտնի է դարձել, որ Ադրբեջանի՝ Նախիջևանի 5-րդ բանակային կորպուսի հիման վրա ստեղծվել է «Առանձին համազորային բանակ», որի գործառույթներն ու կառույցներն անհայտ են։
Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այսպես կոչված «Առանձին համազորային բանակը» ծառայելու է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության պաշտպանական համակարգի արդյունավետության բարձրացման, մեկ ընդհանուր կենտրոնից կառավարման նպատակներին։
Հաղորդվում է նաև, որ «Առանձին համազորային բանակի» հրամանատարի իրավասությունները վստահվել են 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Քերեմ Մուսթաֆաևին։
Նկատենք, որ այս հաղորդագրությունը բազում հարցերի տեղիք է տալիս։ Նախ պարզ չէ՝ «համազորային բանակն» ինչ է ներկայացնում իրենից, բացի այդ էլ չի հստակեցվում՝ արդյոք նոր կառույցի ստեղծմամբ Նախիջևանի բանակային կորպուսը լուծարվելու է։
Հավելենք, որ Քերեմ Մուսթաֆաևը ռազմական ոլորտում գործունեություն է ծավալել դեռևս Հեյդար Ալիևի իշխանության տարիներից։ Նա ողջ պաշտոնավարման ընթացքում վայելում է թուրք բարձաստիճան զինվորականների աջակցությունը։ Նրա անվան հետ կոռուպցիայի ու զինծառայողների ներքին օրգանների վաճառքի թեմաներով մի շարք սկանդալ են կապված։
Այսպես, հունիսի 26-ին հայտնի է դարձել, որ Քերեմ Մուսթաֆաևն իրեն ենթակա մի խումբ սպաների և ենթասպաների առանց որևէ բացատրության զրկել է պարգևավճարից, ինչը հանգեցրել է բողոքի ալիքի բարձրացմանը։
Pingback: Նախիջևանում է Թուրքական բանակի գեներալի գլխավորած պատվիրակությունը | Ռազմ.info
Pingback: Պաշտոնափոխություններ ադրբեջանական բանակում. փոխվել է 1-ին ԲԿ-ի հրամանատարը | Ռազմ.info