Նիգերիայի պաշտպանության նախարարությունը սպառազինության է ընդունել Գուլմա անվանումը կրող տեղական արտադրության անօդաչու թռչող սարքեր։ Ինչպես նշել է Նիգերիայի ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսա Բադեան, անօդաչուն նախատեսված է հետախուզության համար։ Այս մասին տեղեկացնում է Jane’s ռազմական հանդեսը։
Համաձայն պաշտոնական տեղեկատվության` Գուլմայի (թարգմանաբար՝ տեղեկություն) նախագծման աշխատանքներին սկիզբ է դրվել դեռևս 2005 թվականին։ Ըստ որոշ աղբյուրների` նիգերիական ԱԹՍ-ի նախագծման ընթացքում մեծապես օգտագործվել է իսրայելական Aeronautics Defense Systems ընկերության արտադրած Aerostar (Աէրոսթար) ԱԹՍ-ների նմուշը, որոնց երեք օրինակ ձեռք էր բերել Նիգերիան։ Արտաքնապես Գուլման նման է, բայց նույնական չէ իսրայելական Աէրոսթարին։
ՌՕՈւ հրամանատարի խոսքով` նիգերիական մեկ ԱԹՍ-ի արժեքը կազմում է շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար, ինչը շուրջ երկու անգամ ավելի էժան է, քան արտասահմանյան արտադրության նման դասի այլ անօդաչուները։ Բացի այդ, անօդաչուների 15 օպերատորի վերապատրաստումը Նիգերիայի համար արժեցել է մոտ 1 միլիոն ԱՄՆ դոլար, մինչդեռ օտարերկրյա վերապատրաստողները երեք օպերատորի համար պահանջում են մոտ 2 միլիոն ԱՄՆ դոլար։
Նշենք, որ Գուլմայի տեխնիկական տվյալների վերաբերյալ առայժմ ոչինչ հայտնի չէ։ Չի հստակեցվում նաև, թե ընդհանուր առմամբ, քանի միավոր անօդաչու է համալրելու Նիգերիայի ԶՈւ-ն։