Թուրքիայի զինված ուժերի՝ Էրզրումում տեղակայված 9-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-գնդապետ Շարաֆ Օնգայի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Նախիջևան, որտեղ նրան ընդունել է ինքնավար հանրապետության մեջլիսի ղեկավար Վասիֆ Թալըբովը։ Այս մասին հայտնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը։
Համաձայն հրապարակման, թուրքական պատվիրակության ղեկավարի հետ հանդիպման ժամանակ Թալըբովը նշել է, որ Թուրքիան մեծ դեր ունի ինքնավար հանրապետության բանակի կայացման և բանակաշինության գործում։ Գեներալ-գնդապետ Շարաֆ Օնգայն, իր հերթին, գոհունակություն է հայտնել Նախիջևանի առանձին համազորային բանակի ձեռքբերումների կապակցությամբ։
Նշենք, որ հաղորդագրությունում նշված չէ թուրքական պատվիրակության այցի ժամկետների և ստույգ նպատակների մասին։ Տեղեկությունը բացակայում է նաև Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի կայքում։
Նկատենք, որ Նախիջևանի մեջլիսի ղեկավարի խոսքերը ևս մեկ անգամ վկայում են՝ Թուրքիան իսկապես դերակատարում և մասնակցություն ունի նախիջևանյան առանձին համազորային բանակի կայացման գործում։ Վերջինս, կառուցվածքային առումով հանդիսանում էր ադրբեջանական զինուժի բանակային 5-րդ կորպուսը։ 2013-ի դեկտեմբերի 20-ին, սակայն, հայտնի դարձավ, որ կորպուսի հիման վրա ստեղծվում է առանձին համազորային բանակ։
Հիշեցնենք նաև, որ 2014-ի օգոստոսի 18-ին երկօրյա աշխատանքային այցով Նախիջևան ժամանեցին Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարները։ Հանդիպման ընթացքում կողմերը որոշեցին անցկացնել համատեղ զորավարժություն, որի տեղն ու ժամանակացույցը դեռևս հայտնի չէ։
Pingback: Նախիջևան ժամանած թուրք գեներալը հետևել է մոտոհրաձգային զորքերի վարժանքներին | Ռազմ.info
Pingback: Ռազմաշաբաթ․ Ադրբեջան․ հոկտեմբեր 19-25 | Ռազմ.info