Դեկտեմբերի 19-ին Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ-ում կայացան ռուս-հայկական երկկողմ խորհրդատվություններ` անվտանգության օրակարգի լայն շրջանակի խնդիրների շուրջ:
Հայկական կողմից խորհրդատվություններն անցկացրեց ԱԳՆ սպառազինությունների վերահսկման եւ միջազգային անվտանգության վարչության պետ Սամվել Մկրտչյանը, իսկ ռուսական կողմից՝ Անվտանգության եւ զինաթափման հարցերի դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Ուլյանովը:
Քննարկումների ընթացքում հանգամանալից անդրադարձ կատարվեց Եվրոպայում սովորական սպառազինությունների վերահսկման ռեժիմի առկա խնդիրներին, գործող պայմանագրի արդիականացման բանակցային գործընթացի հեռանկարներին:
Կողմերը մտքեր փոխանակեցին վերջերս ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հաստատված Զենքի առեւտրի պայմանագրի, Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգի ծավալման խնդիրների եւ Սիրիայի շուրջ ընթացող զարգացումների վերաբերյալ:
Դիրքորոշումներ ներկայացվեցին 2014թ. մարտին Հաագայում կայանալիք Միջուկային անվտանգության գագաթաժողովի օրակարգային հարցերի շուրջ:
Բանակցությունների ընթացքում ընդգծվեց հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցության հետագա խորացման եւ ՀԱՊԿ-ի շրջանակներում համագործակցության կարեւորությունը, փոխանցում են ՀՀ ԱԳՆ-ից։