Ռազմաշաբաթ. Ադրբեջան. սեպտեմբերի 1-7

2 կորուստ՝ մեկ շաբաթում: Այցելել են Հակոբ Ինջիղուլյանին: Իլհամ Ալիևի թիկնապահը՝ Սիրիայի զինյալների ղեկավարներից: Դիպուկահարների դասընթացները մեկնարկում են: Ադրբեջանի ռազմանավերը՝ Աստրախանում: Վրաերթի են ենթարկվել ռազմական լիցեյի շրջանավարտների ծնողները:

1. Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, Նեֆթչալիի շրջանից զորակոչված 19-ամյաԹուրալ Զամանովը մահացել է սուր լեյկոզից: Նա հիվանդ է եղել տևական ժամանակ:

Սեպտեմբերի 5-ին, ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, Նախիջևանի 25-ամյա զինծառայող Սավեդդինով Իմրան Շոհրեթ օղլուի դին հայտնաբերել են Սահմանապահ պետական ծառայության զորամասերից մեկի մոտ կանգնած բեռնատար մեքենայում։ Մահվան պատճառը դեռևս հայտնի չէ։

Ադրբեջանի «Դոկտրինա» ռազմական-լրագրողական հետազոտությունների կենտրոնի՝ երկրի պաշտպանական-անվտանգության համակարգի կորուստների մասին հրապարակած նոր տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա սկզբից Ադրբեջանը տարբեր պատճառներով 64 զինծառայող է կորցրել, որից միայն 9-ը՝ իբր «հայկական գնդակից»։ 55-ը ոչ մարտական կորուստներ են։

Հետևելով «Դոկտրինա»-ի տվյալներին՝ նշենք, որ սեպտեմբերի 7-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈւ-ն ունի 66 զոհ:

2. Սեպտեմբերի 2-ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները հանդիպել են Ադրբեջանում հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանին:

Սեպտեմբերի 4-ին հաջողվել է ռազմագերուն տեղեկություններ փոխանցել ՀՀ ՊՆ-ից:

3. Վերջերս Սիրիայից վերադարձած, փորձագետ Մարատ Մուսինը հարցազրույց է տվել «Նեյրոմիր-ՏՎ» հեռուստաընկերությանը՝ վկայելով, որ Սիրիայում ԱՊՀ երկրներից եկած զինյալների վերապատրաստման ճամբարները ղեկավարում է Ադրբեջանի ներկայիս նախագահ Իլհամ Ալիևի անձնական թիկնապահը։

4. Ադրբեջանի Մոբիլիզացիայի և զորակոչի պետական ծառայության շրջանակներում գործող «Ռազմահայրենասիրություն և մասնագետների պատրաստում» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ 2012-ի սեպտեմբերին դադարեցված դիպուկահարների դասընթացները մեկնարկում են:

5. Ադրբեջանի ՌԾՈւ ռազմանավերի անձնակազմը սեպտեմբերի 3-ին առաջին անգամ պաշտոնական այցով ժամանել է Աստրախան:

Աստրախան են ժամանել Ադրբեջանի ՌԾՈւ 3 ռազմանավեր, որոնց շարքում են 159 Ա դասի պարեկային նավը և 888 նախագծի ղեկավարման ռազմանավը։

6. Ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալության տվյալներով՝ օրերս Ադրբեջանը Alen Vanguard կանադական ընկերությունից ձեռք է բերել պայթուցիկ սարքերի վնասազերծման սարքավորումներ։

7. Սեպտեմբերի 4-ին Ադրբեջանի ՊՆ մամուլի խոսնակ Էլդար Սաբիրօղլուն՝ արձագանքելով Իրանի ՌԾՈւ հրամանատարի խոսքերին, հավաստիացրել է, որ Կասպից ծովում Ադրբեջանի ռազմածովային ուժերի արդիականացումը բնավ ուղղված չէ որևէ այլ երկրի, առավել ևս՝ տարածաշրջանային կայունության դեմ։

8. «Անվտանգություն, ժողովրդավարություն և տնտեսական զարգացում» (SeDEP) ՀԿ-ների դաշինքի նախագահ, պահեստազորի փոխգնդապետ, ռազմական փորձագետ, «Պահեստազորի սպաներ» ՀԿ-ի նախագահ Յաշար Ջաֆարլին դիմել է ՆԳՆ-ին և ԱԱԾ-ին՝ վկայելով, որ իր դեմ սադրանքներ են իրականացվում ու իրեն հետապնդում են:

9. Սեպտեմբերի 3-ի Բաքվի «Սպայական տան» դիմաց հավաքված Ադրբեջանի ռազմական լիցեյի շրջանավարտների ծնողները, որոնք ցանկացել են զրուցել Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ Չինգիզ Մամեդովի հետ, վրաերթի են ենթարկվել տեղակալի վարորդի կողմից ու ստացել մարմնական վնասվածքներ:

Ռազմաշաբաթը նաև՝

Հայաստանում

Թուրքիայում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *