ՌԴ Կասպյան նավատորմի հրամանատարի տեղակալ, առաջին կարգի կապիտան Ալեքսանդր Պրոխորովը տեղեկացրել է «Իտար-Տասս» լրատվական գործակալությանը Ադրբեջանի ՌԾՈւ ռազմանավերի՝ Աստրախան այցի մասին։
Նրա խոսքերով՝ Ադրբեջանի ռազմանավերի անձնակազմն առաջին անգամ է ոչ պաշտոնական այցով ժամանելու Աստրախան։
Պրոխորովը հավելել է, որ նավերն արդեն իսկ սեպտեմբերի 3-ին լքել են Բաքվի նավահանգիստը և վաղը կլինեն Աստրախանում։
Ըստ նույն աղբյուրի՝ Աստրախան կժամանեն Ադրբեջանի ՌԾՈւ 3 ռազմանավեր, որոնց շարքում են 159 Ա դասի պարեկային նավը և 888 դասի ռազմանավը Նավերը ժամանելու են Ադրբեջանի ՌԾՈւ հրամանատար, փոխծովակալ Սուլթանով Շահին Աշրաֆ օղլուն հրամանատարության ներքո։
Մեկօրյա այցի շրջանակներում ծրագրված են հանդիպումներ ՌԴ Կասպյան նավատորմի և դրա Աստրախանյան ճյուղի հրամանատարների հետ։
Հիշեցնենք, որ դեռևս օգոստոսի 13-ին Վլադիմիր Պուտինի՝ Բաքու կատարած այցի շրջանակներում, կայացել էր «Դաղստան» հրթիռային նավի գլխավորությամբ ՌԴ Կասպյան նավատորմի նավերի խմբի այցը Բաքվի նավահանգիստ: Այցելության ընթացքում ՌԴ նավատորմի ներկայացուցիչներն ու հրամանատարական կազմը հանդիպումներ են ունեցել Ադրբեջանի ռազմածովային ուժերի իրենց պաշտոնակիցների հետ։