Ադրբեջանը հաղորդում է սակրային սարքավորում ձեռք բերելու մասին

Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, հայտնի է դարձել, որ Ադրբեջանը Alen Vanguard կանադական ընկերությունից ձեռք է բերել պայթուցիկ սարքերի վնասազերծման սարքավորումներ։

Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը՝ հղում տալով Alen Vanguard ընկերության ներկայացուցչի խոսքերին։
Ըստ աղբյուրի՝ Alen Vanguard ընկերությունն Ադրբեջանին վաճառել է դժվարամատչելի վայրերում տեղադրված ռումբերի վնասազերծման, դռների բացման համար հատուկ սարքավորումներ ու դիպուկահարների պաշտպանիչ հանդերձավորումներ։
Նշենք, որ՝ Alen Vanguard-ը մասնագիտացած է ականների հայտնաբերման, պայթուցիկ վնասազերծման սարքավորումների և պաշտպանիչ հանդերձավորումների արտադրանքի բնագավառում։ Նրա մշտական գնորդների շարքում են ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի և այլ երկրների իրավապաշտպան մարմինները։
Այնուհանդերձ, բարդ է ասել՝ որքանով է ստույգ այս տեղեկությունը, քանի որ բացի ադրբեջանական լրատվամիջոցներից, որևէ այլ աղբյուր ներկա դրությամբ չկա։ Ընկերության պաշտոնական կայքում դեռևս բացակայում են Ադրբեջանին պայթուցիկ սարքերի վնասազերծման սարքավորումների տրամադրման մասին տեղեկություններ։

2 responses to “Ադրբեջանը հաղորդում է սակրային սարքավորում ձեռք բերելու մասին

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *