Ռազմաշաբաթ. Թուրքիա. սեպտեմբերի 1-7

Թուրքիան դուրս բերեց Լիբանանում իր խաղաղապահներին: Սիրիայի հետ սահմանին` ռազմական ակտիվություն: Թուրքիայի զինված ուժերի թվաքանակի մասին նոր տվյալներ են հայտնի:Փետրվարի 28-ի հեղաշրջման գործով  դատավարությունն է սկսվել: Թուրքիայում Պակիստանի և Աֆղանստանի մասնակցությամբ զորավարժություն:

Թուրք-աֆղանա-պակիստանյան զորավարժությունից

Թուրք-աֆղանա-պակիստանյան զորավարժությունից

1. Թուրքիայի զինված ուժերի թվաքանակը 2013 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ 636 հազար մարդ է, որից զինծառայողները 584.579-ն են, իսկ քաղաքացիական անձինք` 52.203-ը:  Այս տարվա հուլիս ամսվա Թուրքիայի զինված ուժերի անձնակազմը կրճատվել է 10.226 հոգով: Առավել մանրամասն տվյալները` այստեղ:

2. Թուրքիան շարունակում է Սիրիայի հետ սահմանին ռազմական ակտիվություն ցուցաբերել: Սիրիայի հետ սահմանամերձ Հաթայ նահանգի Յայլադաղը շրջանում՝ 3-րդ սահմանապահ գումարտակի տեղակայման վայր սեպտեմբերի 4-ին ժամանել են զրահամեքենաներ և զինվորական անձնակազմ։

3. Լեհական Huta Stalowa Wola (HSW) և թուրքական MKEK ընկերությունների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն լեհական ընկերությունը հնարավորություն կունենա օգտագործել թուրքական ընկերության պատրաստած T-155 Fırtına (Ֆըրթընա) ԻՀՀ-ի զրահը (իրանը) ու ընթացամասը՝ «Կռաբ» ԻՀՀ-ների համար:

4. Թուրքիան Լիբանանի տարածքից (ՅՈւՆԻՖԻԼ առաքելության կազմում) սեպտեմբերի 2-ին  դուրս է բերել իր գրեթե բոլոր խաղաղապահներին` այնտեղ թողնելով միայն 3 զինծառայող և 1 կատեր: 2013 ամռանը UNIFIL-ի կազմում 300 թուրք խաղաղապահ կար:

5. Թուրքիայի հարավ-արևմուտքում գտնվող Էղիրդիրի հատուկ նշանակության զորքերի լեռնային ուսումնական կենտրոնում օգոստոսի 19-ից 28-ն անցկացվել է Աֆղանստանի և Պակիստանի հատուկ նշանակության ստորաբաժանումների մասնակցությամբ համատեղ զորավարժություն:

6. Թուրքիայում սեպտեմբերի 2-ին սկսվել է 1997 թվականի Փետրվարի 28-ի հեղաշրջման գործով դատավարությունը: Գործով անցնում է 103 զինվորական, որոնց համար ցմահ ազատազրկում են պահանջում: Գործով անցնող հիմնական մեղադրյալը Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, պահեստի բանակի գեներալ Իսմաիլ Հաքքը Քարադայըն է:

Ռամզաշաբաթը նաև

Հայաստանում

Ադրբեջանում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *