Պայմանագրային զինծառայող է մահացել։ Կրակոցներ սահմանին։ Զորավարժություն Նախիջևանի հետ սահմանին։ Քննարկվել են հայ-ռուսական համագործակցության հարցեր։ ՊՆ-ից տեղեկություններ են փոխանցվել ռազմագերուն։ Ազատամարտիկները Կապանում էին։ Նոր նշանակումներ զինված ուժերում։ Հրամանատարաշտաբային դասընթացների բացումը ռազմական ինստիտուտում: ՕԿՀ 1-ին մակարդակի միջազգային դասընթաց` ՀՀ-ում:
1. Սեպտեմբերի 3-ին ժամը 13-ի սահմաններում, ըստ նախնական տվյալների, պտտաձողի վրա վարժություններ կատարելուց հետո սահմանագոտում հանկարծամահ է եղել պայմանագրային զինծառայող, Տավուշի մարզի Կոթի գյուղի բնակիչ, 1983 թվականին ծնված Ալիկ Հայկի Ջանվելյանը: Տարվում է հետաքննություն:
2. Սեպտեմբերի 4-ին հակառակորդը կրակել էր Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղի ուղղությամբ: Ռազմինֆոյի հետ զրույցում գյուղապետ Մանվել Կամենդատյանը նշեց, որ հակառակորդի գնդակից վնասվել է դպրոցի պատուհանը, ինչպես նաև կպել է բեռնատար մեքենայի: սեպտեմբերի 4-ին՝ վաղ առավոտից, ադրբեջանական կողմից շարունակաբար խախտվում էր հրադադարի ռեժիմը Մովսես ու Այգեպար գյուղերի ուղղությամբ։ Վնասվել է մեկ քաղաքացիական ավտոմեքենա: Հայկական կողմը հարկադրված է եղել պատասխան կրակով լռեցնել ադրբեջանցիներին:
3. Սեպտեմբերի 4-ից Նախիջևանի հետ սահմանի երկայնքով տեղակայված ՀՀ ԶՈւ զորամասերում մեկնարկել է 7 օրյա զորավարժություն: Յուրի Խաչատուրովի ղեկավարությամբ անցկացվում են լայնամասշտաբ օպերատիվ-մարտավարական զորավարժություններ, որոնց մասնակցում են նաև կենտրոնական ենթակայության զորամասեր և ստորաբաժանումներ բոլոր զորատեսակներից: Զորավարժության ընթացքում հիմնականում խաղարկվում են հակահարձակողական գործողություններ, որոնց շրջանակներում իրականացնում են նաև կրակային խնդիրներ:
4. Սեպտեմբերի 5-ին Մոսկվայում ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի և ՌԴ ՊՆ տեղակալ Անատոլի Անտոնովի հանդիպումն էր: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ռուսական ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ընթացիկ հարցեր, ինչպես նաև մտքեր են փոխանակել սպառազինությունների վերահսկման ոլորտում առկա պայմանավորվածությունների շուրջ:
5. Սեպտեմբերի 4-ին Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերուն ՊՆ-ից տեղեկություններ է փոխանցվել: Ըստ ՊՆ մամուլի խոսնակի` նրանք կարողացել են փոխանցել, որ Հակոբը կարող է հանգիստ վերադառնալ. նրան որևէ պատասխանատվություն չի սպասվում: Սեպտեմբերի 2-ին ԿԽՄԿ ներկայացուցիչները հանդիպել էին Հակոբ Ինջիղուլյանին` տեղեկություններ փոխանցելով իր հարազատներից։
6. Օգոստոսի 31-ից Կապանում նստացույց էր անում Ազատամարտիկների խորհուրդը տեղի ազատամարտիկների հետ։ Ռազմինֆոյին ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը տեղեկացրեց, որ նստացույցի ընթացքում նրանց փորձել են ինչ-որ երիտասարդներ խանգարել: Նստացույցը տևել է 3 օր: Հիմա ազատամարտիկները մտածում են Արցախում նստացույց անելու մասին: Ըստ Ավետիսյանի` Գյումրիում ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զուրաբյանը մի քանի պատգամավորի հետ հանդիպել է Գյումրիի, Վանաձորի և Ապարանի ազատամարտիկներին, ցանկություն հայտնել ազատամարտիկների հարցը բարձրացնել ԱԺ-ում։
7. Սերժ Սարգսյանի հրամանով 5 տարի ժամկետով պայմանագրեր են ստորագրվել գեներալ-մայոր Իշխան Մաթևոսյանի և գնդապետ Տիրան Խաչատրյանի հետ։
8. Սեպտեմբերի 3-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում ՀՀ ԶՈւ ավագ սպայակազմի հրամանատարաշտաբային դասընթացների բացման հանդիսավոր արարողությունն էր: Սեյրան Օհանյանը ՀՀ ԶՈւ նոր դասընթացի մասնակիցներին հորդորեց «ցուցաբերել բանիմացության, հանձնառության և բնավորության այնպիսի որակներ, որոնք նրանցից ակնկալում են հայ ժողովուրդը, ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը, անմիջական հրամանատարները,կոլեգաները և ենթակաները»:
9. Օգոստոսի 27-ից սեպտեմբերի 6-ը ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի օպերատիվ կարողությունների հայեցակարգի (ՕԿՀ) շրջանակներում Հայաստանում անց է կացվում ՕԿՀ 1-ին մակարդակի միջազգային դասընթաց և ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի հրաձգային գումարտակի՝ ՆԱՏՕ-ի կողմից 1-ին մակարդակի գնահատում: Միջազգային դասընթացին և գնահատմանը մասնակցում է 21 երկրի թվով 64 զինծառայող, որոնցից 13-ը՝ ՆԱՏՕ-ի անդամ, իսկ 35-ը՝ տարբեր գործընկեր երկրներից: Դասընթացին որպես ունկնդիրներ մասնակցում են ՀՀ ԶՈւ 6 և արտերկրի 50 զինծառայող: Նրանք դասընթացի ավարտից հետո ստանալու են ՕԿՀ 1-ին մակարդակի գնահատողի միջազգային հավաստագրեր:
Ռազմաշաբաթը նաև`