Ադրբեջանն արձագանքել է Կասպից ծովի վերաբերյալ Իրանի հայտարարությանը

Օրեր առաջ Իրանի իսլամական հանրապետության ՌԾՈւ հրամանատար, փոխծովակալ Հաբիբուլլա Սայարին հայտարարել էր, որ «որոշ երկրներ հետաքրքրված են տարածաշրջանում հավասարակշռության խախտմամբ, իսկ հարևան մի շարք երկրներ, չի բացառվում՝ քայլեր ձեռնարկեն Կասպից ծովում իրավիճակը սրելու ուղղությամբ»։

Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, Ադրբեջանի ՊՆ մամուլի խոսնակ Էլդար Սաբիրօղլուն՝ արձագանքելով Իրանի ՌԾՈւ հրամանատարի խոսքերին, հավաստիացրել է, որ Կասպից ծովում Ադրբեջանի ռազմածովային ուժերի արդիականացումը բնավ ուղղված չէ որևէ այլ երկրի, առավել ևս՝ տարածաշրջանային կայունության դեմ։

Հիշեցնենք, որ իրանական ու ադրբեջանական լրատվամիջոցները օգոստոսի սկզբին տեղեկացրել էին, որ Ադրբեջանի ռազմածովային ուժերի հրամանատար, փոխծովակալ Շահին Սուլթանովը մեկնելու է Իրան։

Օգոստոսի 20-ին հայտնի է դարձել, որ այցը չի կայանալու։ Իրանի հանրային հեռուստաընկերությունը հայտնել է, որ «Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը չեղյալ է հայտարարել այցը»։

Իր հերթին, Ադրբեջանի ՊՆ մամուլի խոսնակը հայտնել է, որ «այցը ոչ թե չի կայանալու, այլ պարզապես հետաձգվել է»։

Հավելենք, որ հուլիսի 1-ին իրանական մամուլը տեղեկացրել էր, որ Իրանի Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսն այսուհետ իր զորամիավորումները տեղակայելու է Կասպից ծովում։

Հայտնի է նաև, որ Ռուսաստանն ու Իրանը մտադիր են 2013-ի վերջին համատեղ զորավարժություն անցկացնել Կասպից ծովում։ Առաջին ռուս-իրանական կասպյան զորավարժությունը կայացել է 2009-ին՝ շուրջ 30 ռազմանավերի մասնակցությամբ։

Իրանի ակտիվությունը Կասպից ծովում վերլուծաբանների կողմից հաճախ որպես սպառնալիք է գնահատվում Ադրբեջանի համար, քանի որ Ադրբեջանն ու Իրանը Կասպից ծովի սահմաները հաստատող համաձայնություն չունեն: Խորհրդային Միության փլուզումից հետո, Ադրբեջանը չի ճանաչում 1921 եւ 1940 թվականներին կնքված խորհրդա-պարսկական համաձայնագրերը: Ադրբեջանը պնդում է, որ սահմաները պետք է բաժանվեն ըստ երկրների ծովափի երկարության միջին գծի հաշվարկումով, որի արդյունքում Ադրբեջանին հասնում է ծովի մոտ 21%-ը, իսկ Իրանին 13 %-ը: Իրանը իր հերթին պնդում է, որ Կասպից ծովը պետք է բաժանվի 5 հավաար մասերի, որի արդյունքում բոլոր երկրները կստանան ծովի 20%-ը:

Իրանի և Ադրբեջանի հարաբերություները սրվեցին 2009թ., երբ Իրանը նավթային իր պլատֆորմը տեղադրեց այն տարածքում, որի նկատմամբ Ադրբեջանը հավակնություններ ուներ: Wikileaks-ի հրապարակած նամակագրությունը ցույց տվեց, որ միջադեպից հետո Ադրբեջանի իշխանական շրջանակներում խուճապ էր։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *