Ադրբեջանում ռազմական լիցեյի շրջանավարտների ծնողները ցույց են կազմակերպել

Երեկ՝ սեպտեմբերի 3-ի երեկոյան Բաքվի «Սպայական տան» դիմաց մի խումբ քաղաքացիներ են հավաքվել՝ փորձելով փակել Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Չինզիզ Մամեդովի ավտոմեքենայի ճանապարհը։

Ադրբեջանում ռազմական լիցեյի շրջանավարտների ծնողները ցույց են կազմակերպել

Ադրբեջանում ռազմական լիցեյի շրջանավարտների ծնողները ցույց են կազմակերպել

Այդ մասին հայտնել են ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ, ինչպես նաև սոցցանցերի անհատ օգտատերեր։ Ըստ աղբյուրների՝ ցուցարարների կուտակումների պատճառով փակվել է ավտոճանապարհը, և որոշ ժամանակով դադարեցվել է երթևեկությունը։ Շուտով սոցցանցերում հայտնվել են լուսանկարներ՝ ցույցի վայրից։

Պարզվել է՝ ցուցարարները ռազմական լիցեյի շրջանավարտների ծնողներն են։ Նրանք բողոքել են, որ Ջամշիդ Նախիջևանցու անվան ռազմական լիցեյում ուսում ստացած և այն ավարտած երիտասարդները հարկադրված են ևս մեկ անգամ քննություն հանձնել՝ բարձրագույն ռազմական դպրոց ընդունվելու համար։ Հավաքվածների թիվը նախնական տվյալներով քառասունին մոտ էր։
Հարցը պարզաբանելու նպատակով ծնողները ցանկացել են խոսել Չինգիզ Մամեդովի հետ, սակայն վերջինս, ականատեսների վկայությամբ, թափ է տվել ուսերը, ասել՝ ոչինչ անել չի կարող, ապա նստել է իր ավտոմեքենան։ Այնուհետև զայրացած ցուցարարները փակել են մեքենայի ճանապարհը։
Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, Ադրբեջանի ՊՆ մամուլի խոսնակ Էլդար Սաբիրօղլուն հայտարարել է, որ Ադրբեջանի ԶՈւ կրթական համակարգի նոր բարեփոխումները ենթադրում են բարձրագույն ռազմական դպրոց ընդունվելու համար նոր քննության հանձնում, ուստի ցույց անող ծնողները պետք է հարգեն օրենքը։
Այնուհանդերձ, ցուցարարները տեղեկացրել են, որ մտադիր են մոտ օրերս ցույց կազմակերպել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի շենքի դիմաց։

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *