Ադրբեջանում մեկնարկում են դիպուկահարների դասընթացները

Ադրբեջանի Մոբիլիզացիայի և զորակոչի պետական ծառայության շրջանակներում գործող «Ռազմահայրենասիրություն և մասնագետների պատրաստում» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ դիպուկահարների դասընթացները մեկնարկում են:

Ադրբեջանի դիպուկահարներ

Ադրբեջանի դիպուկահարներ

ՓԲԸ-ի Սաբուչինի շրջանի մասնաճյուղն օգոստոսի 13-ից սկսել է ընդունել ցանկացողների փաստաթղթերը: Բացի զորակոչի տարիքի երիտասարդներից, դասընթացների մասնակցության հայտ կարող են ներկայացնել նաև պարտադիր զինծառայությունն անցած անձինք:
Ըստ նույն աղբյուրի՝ Բալաքյանի շրջանի մասնաճյուղն ընդունում է նաև պարաշյուտիստների դասընթացի մասնակցության հայտեր:

Հիշեցնենք, որ դեռևս հունիսի 29-ին հայտնի էր դարձել՝ Ադրբեջանում որոշում են կայացրել վերականգնելու դիպուկահարների ու հետախույզների պատրաստման դասընթացները՝ հաշվի առնելով «բանակի արդի պահանջները»։

«Ռազմահայրենասիրություն և մասնագետների պատրաստում» ՓԲԸ-ից վկայել էին, որ դասընթացները վերակազմակերպվելու են՝ «համապատասխան ժամանակակից ուսումնական ծրագրերի»։

Նշենք, որ «Ռազմահայրենասիրություն և մասնագետների պատրաստում» ՓԲԸ-ն իրականում բացվել ու գործում էր որպես ՀԿ դեռևս 2011-ից՝ կրելով «Կամավոր ռազմահայրենասիրական սպորտային-տեխնիկական միություն» անվանումը։ Հենց 2011-ից էլ այս միության ջանքերով բացվել ու գործում էին Ադրբեջանի ԶՈւ համար հետախույզների ու դիպուկահարների ուսուցման կուրսեր։ Ըստ որոշ տվյալների՝ միությունն աշխատանքներ էր տանում նաև նորակոչիկների վերապատրաստման ուղղությամբ։

2012-ին հուլիսին հայտնի դարձավ, որ միությունը դադարեցնում է իր գործունեությունը՝ որպես հասարակական կազմակերպություն, և այսուհետ գործելու է Մոբիլիզացիայի ու զորակոչի պետական ծառայության շրջանակներում։ Սա առաջ բերեց ադրբեջանցի վերլուծաբանների ու փորձագետների զարմանքը։ Մի քանի լրատվամիջոցներ գրեցին, որ «խորհրդային տարիներին բնորոշ գործողություն է անկախ ու ոչ պետական կառույցը կազմալուծել ու ընդգրկել պետական գերատեսչության մեջ»։ «Դոկտրինա» ռազմական վերլուծական կենտրոնի տնօրեն Ջասուր Սումերինլին փաստել է, որ ՀԿ-ն այլ ելք չուներ. եթե հրաժարվեին պետական գերատեսչության մաս կազմել, հարկադրված կլինեին կազմալուծվել։

Հետաքրքիր է այն հանգամանքը, որ որպես ՀԿ-ի նախագահ հիշատակվում է գեներալ-մայոր Նովրուզալի Օրուջևը։ ՀԿ-ի՝ գերատեսչության մեջ ընդգրկվելուց հետո, վերջինիս բաժին է ընկել Մոբիլիզացիայի և զորակոչի պետական ծառայության պետի տեղակալի պաշտոնը՝ համաձայն Իլհամ Ալիևի՝ 2013-ի փետրվարին ստորագրած հրամանագրի։

Հավելենք նաև, որ 2012-ի սեպտեմբերին հետախույզների ու դիպուկահարների դասընթացների փակումն Ադրբեջանի իշխանությունները պատճառաբանում էին նրանով, որ միջազգային կազմակերպությունները բազմիցս խորհուրդ էին տվել Ադրբեջանին ու Հայաստանին շփման գծից հեռացնել դիպուկահարներին։ Մինչդեռ թե´ իշխանական, թե´ ընդդիմադիր շրջանակներում խիստ բացասական էին ընդունել կուրսերի փակման լուրը՝ խոստովանելով, որ դրանք փոխարինում էին ադրբեջանական դպրոցներում և ուսումնական հաստատություններում աղետալի վիճակում գտնվող նախնական զինվորական պատրաստվածություն առարկային։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *