Ադրբեջանի «Դոկտրինա» ռազմական-լրագրողական հետազոտությունների կենտրոնը հրապարակել է երկրի պաշտպանական-անվտանգության համակարգի կորուստների մասին նոր տվյալներ։ Համաձայն այդ տվյալների՝ ընթացիկ տարվա սկզբից Ադրբեջանը տարբեր պատճառներով արդեն 64 զինծառայող է կորցրել, որից միայն 9-ը՝ «հայկական գնդակից»։ 55-ը ոչ մարտական կորուստներ են։
Ընդ որում, մինչ օրս որևէ նոր բան չի պարզվել Ջամշիդ Նախիջևանցու անվան ռազմական լիցեյի կուրսանտ Ռագիլ Արազխան օղլու Ամիքիշինևի մահվան առնչությամբ։ Հիշեցնենք, որ կուրսանտը մահացել էր 2013-ի մարտի 2-ին անհայտ հանգամանքներում։ Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Թեյմուր Աբդուլաևը միայն նշել էր, որ կուրսանտը «հանկարծամահ է եղել»։
Ըստ «Դոկտրինայի»՝ 2013-ի ութ ամիսների ընթացքում Ադրբեջանի ԶՈւ-ն գրանցել է 73 վիրավոր, որից ընդամենը 7-ը՝ «հայկական կողմից բացված կրակից», մեկը պայթել է ականի վրա։
Հավելենք, որ ՀՀ ՊՆ-ն բազմիցս անդրադարձել է ադրբեջանական կողմի՝ «հայկական գնդակից» սպանված զինծառայողների մասին տեղեկություններին՝ շեշտելով՝ հայկական կողմը չի խախտում հրադադարի ռեժիմը, իսկ Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարությունները՝ «հայերի բացած կրակի պատճառով սպանված» զինծառայողների վերաբերյալ, ապատեղեկատվություն են։ Ադրբեջանի մարտական և ոչ մարտական կորուստների իրական թիվը պարզելը գրեթե անհնարին է, քանի որ ադրբեջանական կողմը ոչ բոլոր կորուստների փաստերն է հրապարակում։