Ռազմաշաբաթ. Թուրքիա. 11-17 հունվարի, 2015

Թուրքիայում անցկացվել է «ԸՇԸՔ-2015» զորավարժության պլանավորման կոնֆերանսը • Թուրքիայի ռազմական արտադրանքի արտահանման ցուցանիշները 2014-ին • Թուրքական արտադրության ինքնաթիռները կունենան FX-1 մակնիշի զույգ շարժիչ • Թուրքիան ավարտել է տեղական նախագծման ուսումնական ինքնաթիռի փորձարկումները • Թուրքական ոստիկանությունը տեղական արտադրության ատրճանակների նոր խմբաքանակ է ստանալու • Իսպանական Patriot-ները Թուրքիայում են • Թուրք-քուրդական նոր բախումներ • Թուրքիայում ահաբեկչական գործողություն է կանխվել • Փաստեր, որ Թուրքիան աջակցում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը • Չավուշօղլուն «Իսլամական պետության» շարքերում կռվող Թուրքիայի քաղաքացիների մասին • Թուրքիայի վարչապետ Դավութօղլուն հանդիպել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին • Իրաքի նախագահ Ֆուադ Մասումը կայցելի Թուրքիա

Հյուրքուշի նախատիպ

Հյուրքուշի նախատիպ

• Թուրքիայի Քոնյա քաղաքում հունվարի 12-14-ին անցկացվել է «ԸՇԸՔ-2015» զորավարժության պլանավորման կոնֆերանսը, որին մասնակցել է նաև Ադրբեջանի պատվիրակությունը:

• Թուրքիայի՝ 2014-ի պաշտպանական և ավիատիեզերական ոլորտների ռազմական արտադրանքի արտահանումը 2013-ի արտահանման ծավալների համեմատ ավելացել է 18 տոկոսով՝ կազմելով 1 մլրդ 647 մլն ամերիկյան դոլար:

• Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության կոմիտեի՝ հունվարի 7-ին անցկացված ժողովի ժամանակ քննարկվել է տեղական ինքնաթիռներ ստեղծելու ծրագիրը, և որոշվել, որ ինքնաթիռները պետք է ունենան FX-1 մակնիշի զույգ շարժիչ:

• Թուրքական «Հյուրքուշ» ինքնաթիռը 2015-ի հունվարի 13-ին հաջողությամբ անցել է TAI ավիաշինական ընկերության կազմակերպած առավելագույն ծանրաբեռնման համապատասխանության ստատիկ փորձարկումը։

•  Թուրքական «Սամսունի» ընկերությունը 2015-ին ևս 25 հազար միավոր Canik TP9 ատրճանակ է մատակարարելու երկրի անվտանգության ընդհանուր տնօրինությանը (ոստիկանություն): Նախորդ տարի ընկերությունը ևս 25 հազար ատրճանակ է մատակարարել Թուրքիայի ոստիկաններին:

•  ՆԱՏՕ-ի առաքելության շրջանակներում Իսպանիայի հակաօդային պաշտպանության հրթիռները հունվարի 9-ին ռազմանավերով բերվել են Թուրքիա: Դրանք փոխարինելու են ՆԱՏՕ-ի առաքելության շրջանակներում 2013-ի փետրվարից Թուրքիայում գտնվող նիդեռլանադական ՀՕՊ համակարգերին:

• Քրդական աշխատավորական կուսակության (PKK) երիտասարդական թևի՝ «Հայրենասեր հեղափոխական երիտասարդության շարժման» (YDG-H)  անդամները հունվարի 13-ին հարձակվել են Թուրքիայի Մարդին նահանգի Նուսաբին թաղամասի ոստիկանական տեղամասի վրա, ինչի արդյունքում վիրավորվել է 2 թուրք ոստիկան:

• Հունվարի 9-ին Ստամբուլում ձերբակալել են երկու հոգու, որոնց մոտ ռումբ է հայտնաբերվել։ Վերջիններս «Քրդստանի աշխատավորական կուսակցության» երիտասարդական թևի անդամներ են, ովքեր մտադիր էին հունվարի տասին պայթեցնել Ստամբուլի առևտրական կենտրոններից մեկը։

• Թուրքական հաքերների խմբի անունից 2015թ հունվարի 13-ին Twiter-ում տարածվել են փաստաթղթեր, որոնք հաստատում են, որ 2014-ի հունվարին թուրք-սիրիական սահմանին խուզարկման համար կանգնեցված բեռնատարներով Թուրքիան Սիրիայում կռվող ապստամբներին զենք էր փոխանցում:

• Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ «Իսլամական պետության» շարքերում Թուրքիայի 500-700 քաղաքացի է կռվում և նշել է, որ Թուրքիային ևս մտահոգում է այն հարցը, թե ինչ կլինի, երբ այդ կռվողները վերադառնան իրենց երկրները։

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն

• Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը 2015-ի հունվարի 11-ին Գերմանիայում քննարկել են դեմ պայքարի հարցը, քանի որ, ինչպես նշել է Մերկելը, ահաբեկիչները Եվրոպայից Սիրիա և հակառակը հիմնականում անցնում են Թուրքիայի տարածքով։ Այս հանդիպման ժամանակ որոշվել է նաև  Թուրքիայի և Գերմանիայի միջև բարձր մակարդակի համագործակցության խորհուրդ հիմնել։

• Իրաքի՝ ազգությամբ քուրդ նախագահ Ֆուադ Մասումը 2015-ի փետրվարին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով այցելելու է Թուրքիա։ Նախատեսվում է, որ այս այցից հետո Էրդողանը կմեկնի Բաղդադ, հնարավոր է նաև այցելի  Քրդական ինքնավարության մայրաքաղաք Էրբիլ:

Ռազմաշաբաթը նաև՝

Հայաստանում

Ադրբեջանում

One response to “Ռազմաշաբաթ. Թուրքիա. 11-17 հունվարի, 2015

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. 11-17 հունվարի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *