Թուրքիայում քուրդ երիտասարդները հարձակվել են ոստիկանական տեղամասի վրա

Քրդական աշխատավորական կուսակության (PKK) երիտասարդական թևի՝ «Հայրենասեր հեղափոխական երիտասարդության շարժման» (YDG-H)  անդամները հունվարի 13-ին հարձակվել են Թուրքիայի Մարդին նահանգի Նուսաբին թաղամասի ոստիկանական տեղամասի վրա, հայտնում է թուրքական «Միլլիյեթ» լրատվակայքը:

«Հայրենասեր հեղափոխական երիտասարդության շարժման» (YDG-H)  անդամների հարձակումը ոստիկանական տեղամասի վրա

«Հայրենասեր հեղափոխական երիտասարդության շարժման» (YDG-H) անդամների հարձակումը ոստիկանական տեղամասի վրա

Կազմակերպության անդամները  դեպքի վայր հասած ոստիկանների դեմ օգտագործել են «ինֆրաձայնային զենք» ու  բռնկվող նյութերով շշեր («Մոլոտովի կոկտեյլներ») նետել նրանց ուղղությամբ: Միջադեպի արդյունքում վիրավորվել է 2 ոստիկան, որոնց տեղափոխել են Նուսաբինի պետական հիվանդանոց:

Ոստիկանությունը փողոցը փակած ակտիվիստներին ցրել է արցունքաբեր գազով և ջրաշիթերով:

Հիշեցնենք, որ «Քրդստանի աշխատավորական կուսակցությունը» հիմնադրվել է 1978-ին Դիարբեքիրում՝ Աբդուլլահ Օջալանի կողմից, ով ներկայում ցմահ ազատազրկված է։ PKK-ն Թուրքիայի դեմ ակտիվ ռազմական գործողությունները սկսել է 1984-ին: Թուրքական իշխանությունների դեմ մղվող շուրջ 30 տարվա պայքարի ընթացքում երկու կողմերից զոհվել է ընդհանուր առմամբ շուրջ 35 հազար մարդ։

2013 թվականի մարտին Դիարբեքիրում ընթերցվել է կազմակերպության առաջնորդ Աբդուլլահ Օջալանի ուղերձը, որով նա կոչ էր անում PKK-ին վայր դնել զենքը, լքել Թուրքիայի տարածքը և անցնել քաղաքական պայքարի։ Նույն տարվա մայիսի 8-ից պաշտոնապես սկսվել է PKK-ի զինյալների դուրսբերումը Թուրքիայի տարածքից։ Սեպտեմբերին կազմակերպությունը հայտարարեց, որ դադարեցնում է դուրսբերման գործընթացը, սակայն հրադադարի ռեժիմը շարունակելու է պահպանել։

Ավելացնենք, որ PKK-ն ԱՄՆ-ում, Թուրքիայում և Եվրամիության երկրներում գրանցված է որպես ահաբեկչական կազմնակերպություն, բայց կուսակցության ենթակառուցվածքները  շարունակում են գաղտնի գործել տարբեր անունների տակ՝ հատկապես ԵՄ-ի մի շարք երկրներում:

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *