Անգելա Մերկելն ու Դավութօղլուն քննարկել են Թուրքիայի տարածքով ահաբեկիչների ելումուտի հարցը

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն 2015-ի հունվարի 11-ին Գերմանիայում հանդիպել է երկրի կանցլեր Անգելա Մերկելին։ Կողմերը քննարկել են «Իսլամական պետության» և առհասարակ ահաբեկչության դեմ պայքարում Թուրքիայի ունեցած դիրքորոշումը, ինչպես նաև Գերմանիայում ապրող թուրքերի անվտանգության հարցը։Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը։

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն

Նշենք, որ Դավութօղլուն Գերմանիա էր մեկնել Փարիզում կայացած խաղաղության երթին մասնակցելուց հետո։ Հանդիպումից հետո  մամուլի ասուլիսի ժամանակ Մերկելը և Դավութօղլուն պատասխանել են լրագրողների հարցերին և ներկայացրել քննարկման թեմաներն ու արդյունքները։

Մասնավորապես Մերկելը նշել է, որ քննարկել են «Իսլամական պետության» դեմ պայքարի, Թուրքիայում խոսքի, մտքի ազատության հարցերը։ Հատկապես կարևոր տեղ է զբաղեցրել ահաբեկչության դեպ պայքարի հարցը։ Նա նշել է, որ այդ հարցում հատկապես կարևոր է Թուրքիայի դիրքորոշումը, քանի որ վերջինիս տարածքով են հիմնականում ահաբեկիչները Եվրոպայից անցնում Սիրիա և հակառակը։

Իսկ Դավութօղլուն խոսել է Ֆրանսիայում տեղի ունեցած դեպքերի պատճառով Եվրոպայում իսլամոֆոբիայի  և իսլամ դավանող ազգերի նկատմամբ ատելության աճի մասին՝ նշելով, որ դա անթույլատրելի է։  Նա ավելացրել է, որ նույն օրերին Թուրքիայում ևս ահաբեկչական գործողություններ են եղել, և Թուրքիան ևս տուժել է։

Լրագրողներից մեկի այն հարցին, թե Թուրքիան պատրաստ է ավելի խիստ քայլեր ձեռնարկել «Իսլամական պետության» դեմ պայքարում և փակել սահմանը վերջինիս հետ, Դավութօղլուն պատասխանել է, որ իրենք սահմանը բաց են պահում, որպեսզի փախստականները կարողանան անցնել։ Բացի այդ, նա նշել է, որ տարեկան մոտ 35 մլն զբոսաշրջիկ է գալիս Թուրքիա, և այդ պայմաններում անչափ դժվար է վերահսկել ահաբեկիչների շարժը։  Թուրքիայի վարչապետը հիշեցրել է նաև, որ Թուրքիան Սիրիայի և Իրաքի հետ մոտ 910 կմ սահման ունի։

Այն հարցին, թե ինչպես է Փարիզի առևտրային կենտրոններից մեկում հունվարի 9-ին 4 մարդ սպանած ահաբեկչի հանցակիցը մտել Թուրքիա՝ Թուրքիայի վարչապետն ասել է, որ ահաբեկիչը Թուրքիա է եկել Մադրիդից և արդյո՞ք կարող է Եվրոպան Իսպանիային մեղադրել։

3 responses to “Անգելա Մերկելն ու Դավութօղլուն քննարկել են Թուրքիայի տարածքով ահաբեկիչների ելումուտի հարցը

  1. Pingback: Թուրքիան և Գերմանիան Բարձր մակարդակի համագործակցության խորհուրդ են հիմնելու | Ռազմ.info

  2. Pingback: «Իսլամական պետության» շարքերում կռվում է Թուրքիայի 500-700 քաղաքացի. Թուրքիայի ԱԳՆ | Ռազմ.info

  3. Pingback: Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի վարչապետները քննարկել են ԻՊ-ի դեմ պայքարի համատեղ ծրագրերը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *