Թուրքական ոստիկանությունը տեղական արտադրության ատրճանակների նոր խմբաքանակ է ստանալու

2014թ Թուրքիայի անվտանգության ընդհանուր տնօրինության (ոստիկանություն) համար 25 հազար միավոր Canik TP9 տեսակի թեթև հրազեն արտադրած «Սամսունի» ընկերությունը 2015-ին ևս 25 հազար միավոր ատրճանակ է մատակարարելու գերատեսչությանը, հաղորդում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը։

Թուրքական ոստիկանության սպառազինության Canik TP9 տեսակի ատրճանակ

Թուրքական ոստիկանության սպառազինության Canik TP9 տեսակի ատրճանակ

Սամսունի արդյունաբերական կենտրոնում գտնվող «Սամսունի ազգային պաշտպանական արդյունաբերություն» ընկերությունն անցյալ տարի շահել էր թուրքական ոստիկանությանը մարտավարական նշանակության զենքերի մատակարարման պայմանագիրը, որի շրջանակներում էլ արտադրվում է Canik TP9 տեսակի ատրճանակը:

Ատրճանակը կշռում է 645 գրամ, երկարությունը՝ 181 մմ, լայնությունը՝ 35 մմ, փողի երկարությունը՝ 104 մմ, կրակում է 9×19մմ տրամաչափի փամփուշտներով,  պահեստատուփի տարողունակությունը՝ 15 փամփուշտ է: Զենքի արդյունավետ կրակի հեռավորությունը 100 մետր է:

«Անադոլու» գործակալությունը, հղում անելով ընկերության տնօրեն Հալդուն Յանըքի հայտարարությանը, նշում է, որ արդեն երկրորդ տարին է, ինչ ընկերությունը թուրքական ոստիկանությանը պայմանագրի համաձայն վաճառում է բարձր տեխնոլոգիական մարտավարական զենքեր։

Նա նաև ավելացրել է, որ նախագծում են նոր մոդելի թեթև հրազենի արտադրություն, իսկ ներկայումս արտադրվող 16 տեսակի ատրճանակների մեծ մասը արտահանվում է արտասահման՝ մասնավորապես ԱՄՆ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *