Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, հունվարի 15-ին պատասխանելով լրագրողների հարցերին, հայտարարել է, որ «Իսլամական պետության» շարքերում Թուրքիայի 500-700 քաղաքացի է կռվում։ Նա նշել է, որ մյուս բոլոր երկրների նման՝ Թուրքիային ևս մտահոգում է այն հարցը, թե ինչ կլինի, երբ այդ կռվողները վերադառնան իրենց երկրները։ Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը։
Նա անդրադարձել է նաև 2015-ի հունվարի սկզբին Փարիզի առևտրական կենտրոններից մեկում 4 անձի սպանած ահաբեկչի կին հանցակցին, որը գործողությունը նախապատրաստելուց հետո արդեն Թուրքիա էր փախել, իսկ այնտեղից էլ՝ ամենայն հավանականությամբ արդեն Սիրիա։
Նա նշել է, որ Թուրքիան այդ կնոջ վերաբերյալ իր ունեցած ողջ տեղեկատվությունը տրամադրել է Ֆրանսիային։ Սակայն նա կրկին անգամ հիշեցրել է այն փաստը, որ Թուրքիան Սիրիայի և Իրաքի հետ մոտ 910 կմ սահման ունի՝ նշելով, որ եթե այդ սահմանի ցանկացած տեղում մի մարդ դնեն, ապա նա անպայման սահմանն անցնելու մի ճանապարհ կգտնի։
Նա ավելացրել է, որ մինչ օրս իրենք 1165 մարդ են աքսորել, իսկ 7 հազար 250 մարդու մուտքն արգելել են Թուրքիա՝ ավելացնելով, որ թուրքական կողմը չէր կարող իմանալ, թե այդ կինը «Իսլամական պետության» շարքերն անցնելու համար էր Թուրքիա եկել։ Եթե այդպիսի տեղեկություն կար, թող Ֆրանսիայում նրան ձերբակալեին և թույլ չտային երկրից դուրս գալ։
Նա հայտարարել է, որ այդ կնոջ վերաբերյալ իրենց ոչ մի տեղեկություն չի հաղորդվել, նա անարգել անցել է Շենգենյան գոտու երկրներով, իսկ հիմա Թուրքիային են մեղադրում, թե ինչու նրան չեն ձերբակալել։
Հիշեցնենք, որ նմանատիպ հայտարարություն Չավուշօղլուն կատարել էր նաև 2014-ի նոյեմբերին՝ կրկին նշելով, որ Թուրքիան չի կարող ամբողջությամբ վերահսկել իր սահմանը և ահաբեկիչների ելումուտն իր տարածքով։
Այ մասին 2015-ի հունվարի 11-ին հայտարարել էր նաև Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպման ժամանակ։
Pingback: ԵՄ-ն ցանկանում է հակաահաբեկչական պայքարին ներգրավել Թուրքիային և արաբական երկրներին | Ռազմ.info
Pingback: Թուրքիան ծրագրում է ավելացնել սահմանային ամրությունների և պահակակետերի թիվը | Ռազմ.info
Pingback: Ադրբեջանից ԻՊ-ին միայն 2013-14թթ. անդամագրվել է 100-ից ավելի մարդ | Ռազմ.info