Թուրքական արտադրության ինքնաթիռները կունենան FX-1 մակնիշի զույգ շարժիչ

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի ղեկավարությամբ 2015-ի հունվարի 7-ին անցկացված պաշտպանական արդյունաբերության կոմիտեի ժողովի ժամանակ քննարկվել է նաև տեղական ինքնաթիռներ ստեղծելու ծրագիրը, և որոշվել, որ ինքնաթիռները պետք է ունենան FX-1 մակնիշի զույգ շարժիչ, հայտնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը:

Թուրքիայի տեղական ինքնաթիռի հնարավոր արտաքին տեսքը

Թուրքիայի տեղական ինքնաթիռի հնարավոր արտաքին տեսքը

 

Ինքնաթիռի վրա տեղադրված են լինելու մեծ հեռավորության վրա աշխատող ռադարներ: Այլ մանրամասներ դեռ չեն հայտնվում:

Ինքնաթիռ ստեղծելու ծրագիրը Թուրքիայում մեկնարկել է 2011-ին: Մինչ այս թուրքական TUSAŞ ռազմարդյունաբերական ընկերությունը պատրաստել է առաջին 6 ինքնաթիռների մակետները:

Նշենք, որ Թուրքիայի ռազմարդյունաբերության քարտուղարության արդեն նախկին ղեկավար Մուրադ Բայարը դեռևս 2014-ի սեպտեմբերին հայտարարել էր, որ նախատեսվող ռազմական ինքնաթիռները փոխարինելու են F16- կործանիչներին, և առաջին օրինակները պատրաստ կլինեն թուրքական հանարապետության ստեղծման 100 ամյակին՝ 2023 թ: Հաղորդել էր թուրքական «Սաբահ» լրատվական կայքը:

Հիշեցնենք, որ պաշտպանական արդյունաբերության կոմիտեի նույն ժողովի ընթացքում նաև որոշել է անցնել MPT-76 «Մեհմեթչիք-2» ինքնաձիգների սերիական արտադրության՝ առաջին փուլում արտադրելով 35 հազար ինքնաձիգ, F-35 կործանիչների պատվերի թիվը հասցնել 6-ի, պատվիրել ևս 5 միավոր CH-47F «Չինուք» բեռնատար ուղղաթիռ, ինչպես նաև արդեն երկու տարի ձգվող մեծ հեռահարության ՀՕՊ համակարգերի գնման մրցույթը շարունակել և կրկին բանակցել բոլոր կողմերի հետ։

Հավելենք, որ թուրքական պետությունը դեռևս 1936-ին ինքնաթիռներ է արտադրել ու նույնիսկ պատվերներ ընդունել Մեծ Բրիտանիայից:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *