Ռազմաշաբաթ. Հայաստան. 11-17 հունվարի, 2015

Հակառակորդին հակազդելու որոշումների ազատություն է տրվել հրամանատարներին • Ադրբեջանական կրակոցից զինծառայող է զոհվել Տավուշում • Գյումրիում 6 հոգու սպանության համար մեղադրվում է ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի զինծառայողը • Հակառակորդի կրակից զինծառայող է վիրավորվել • ՀՀ ԶՈւ-ն ադրբեջանցիներին թույլատրել է դուրս բերել իրենց դիվերսանտի դիակը • ՀՀ ԶՈւ խաղաղապահների հերթական խումբը վերապատրաստվում է Գերմանիայում • ՊԲ-ում ամփոփել են 2014 թվականն ու հստակեցրել 2015-ի անելիքները • ԵԱՀԿ դիտարկումն ընդհատվել է ադրբեջանական կրակոցի պատճառով • Կնքվել է 2015թ հայ-վրացական ռազմական համագործակցության պլանը • Էրեբունի օդանավակայանում տեղակայվելիք ուղղաթիռային էսկադրիլիան սկսել է մարզումները Ռոստովում • ՀՀ նախագահն ու պաշտպանության նախարարն ընդունել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին • ՊՆ-ում ամփոփել են հայրենասիրական դաստիարակության աշխատանքները • Արմեն Հարությունյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ

ՀՀ ԶՈւ խաղաղապահ զորախումբը մեկնում է Գերմանիա

ՀՀ ԶՈւ խաղաղապահ զորախումբը մեկնում է Գերմանիա

• Հունվարի 12-ին Կ.Դեմիրճյանի անվան համալիրում հրավիրած խորհրդակցության ժամանակ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ գումարտակի ու վաշտի հրամանատարները, ուսումնասիրելով հակառակորդի թույլ և ուժեղ կողմերը, նրա հնարավոր հարձակման ուղղությունները, ինքնուրույն կմշակեն գործելու ու հակառակորդի գործողությունները կանխարգելելու պլաններ: Նույն խորհրդակցության ժամանակ նախարար Օհանյանն ամփոփել է 2014 թվականը՝ նշելով, որ նվազել է զինված ուժերում բռնարարքների, ծեծկռտուքների, ինքնասպանությունների քանակը:

• Հունվարի 17-ին ադրբեջանական կողմի կրակից զոհվել է Ոսկեվան գյուղի բնակիչ, 1994թ ծնված պայմանագրային զինծառայող Արման Ալիկի Հարությունյանը։ Ժամը 18:00-ի սահմաններում նրա մարմինը տեղափոխվել է Նոյեմբերյանի բժշկական կենտրոն։ ՀՀ նախագահի հրամանագրով զոհված զինծառայողը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով:

• Հունվարի 12-ի վաղ առավոտյան Գյումրիում սպանվել է 6 հոգանոց ընտանիք, ինչի համար մեղադրվում է Գյումրիում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազայից փախած զինծառայող, շարքային Վալերի Պերմյակովը: Ուշ երեկոյան Պերմյակովին բռնել են հայ-թուրքական սահմանը հատելու ու Թուրքիա անցնելու փորձի ժամանակ, ինչից հետո նա տվել է առաջին ցուցմունքն ու խոստովանել հանցանքը:

Գյումրիում կատարվածի կապակցությամբ նույն օրը իրավապահ մարմինների ղեկավարների հետ հրատապ խորհրդակցություն է անցկացրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Գյումրիում կատարված սպանության թեմայով հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի իր պաշտոնակից Սերգեյ Շոյգուի հետ: Հաջորդ օրը՝ հունվարի 13-ին, Գյումրիում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է Հայաստան ժամանած ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Արկադի Բախինի հետ, ով ներկայացրել է հանցագործության բացահայտման ուղղությամբ ՌԴ ՊՆ հանձնաժողովի կատարած աշխատանքները: Հունվարի 14-ին Բախինին ընդունել է ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ում հետ զրույցում ՌԴ ՊՆ տեղակալը հայտնել է, որ Ռուսաստանի ՊՆ հանձնաժողովն ավարտել է Գյումրիում տեղակայված  102-րդ ռազմաբազայի ներքին ծառայողական քննության աշխատանքները, և բոլոր մեղավորները բացահայտվել են:

Սեյրան Օհանյանն ընդունել է ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Արկադի Բախինին

Սեյրան Օհանյանն ընդունել է ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Արկադի Բախինին

• Հունվարի 12-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, ՊԲ՝ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1992թ ծնված Միսակ Արմենի Հակոբյանը:

• Ադրբեջանի զինված ուժերի՝ նախորդ շաբաթ Տավուշ կատարած դիվերսիայից հետո հայկական զինված ուժերի ստորաբաժանումները, ելնելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերից, թույլատրել են ադրբեջանական կողմին միջդիրքային տարածքից հանել դիվերսանտներից մեկի դիակը:

• Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի կազմում ՆԱՏՕ-ի առաքելությանը մասնակցելու նպատակով հունվարի 11-ին հայ խաղաղապահների 65 հոգուց բաղկացած ստորաբաժանումը մեկնել է Գերմանիա: Մինչև Աֆղանստանում տեղակայվելը` հայկական զորախումբը Գերմանիայում կմասնակցի 3-4 շաբաթյա վերապատրաստման դասընթացների և նախատեղակայման վարժանքների:

• Հունվարի 16-ին եղել է Պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստը, որին մասնակցել են նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու պաշտոնատար այլ անձինք: 2014թ արդյունքների ամփոփմանը և 2015թ անելիքներին նվիրված նիստի ժամանակ Բակո Սահակյանը բավարար է իրականացված գնահատել կատարված աշխատանքները:

• Հունվարի 14-ին, Արցախի իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Հադրութի ուղղությամբ՝ Հորադիզ բնակավայրի մոտակայքում: Սակայն ադրբեջանական կողմից արձակած կրակոցի պատճառով դիտարկումն ընդհատվել է:

• Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցով մեկնել է Վրաստան, որտեղ ստորագրվել է հայ-վրացական երկկողմ ռազմական համագործակցության 2015թ պլանը:

Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարների տեղակալները

Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարների տեղակալները

• Հայաստանի Էրեբունի ռազմական օդանավակայանում տեղակայման համար նախատեսված ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական օկրուգի ռազմաօդային ուժերի և ՀՕՊ ավիացիոն բազայի ուղղաթիռային էսկադրիլիայի անձնակազմը սկսել է պլանային թռիչքներ իրականացնել Ռուսաստանի Ռոստովի շրջանում: Նախատեսված է էսկադրիլիայի անձնակազմն ու  տեխնիկան Էրեբունի բերել այն ժամանակ, երբ ավարտվի թռիչքահարթակների, կայանման և սպասարկման կենտրոնների կառուցումը:

• Հունվարի 15-ին Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրային ընդունել են ՀՀ պաշտպանության նախարարը, այնուհետ նաև ՀՀ նախագահը: Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերը:

• Հունվարի 17-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ամփոփվել են երիտասարդության հայրենասիրական դաստիարակության բնագավառում 2014 թվականի ընթացքում իրականացված միջոցառումները: Նիստին մասնակցել են նաև այս ոլորտում ՊՆ-ի հետ համագործակցող մի շարք նախարարությունների ղեկավարներ, ՀԿ-ների ղեկավարներ:

• Հունվարի 13-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ստորագրած հրամանագրերով հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանը ազատվել է պաշտոնից ու նշանակվել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ:

Ռազմաշաբաթը նաև՝

Ադրբեջանում

Թուրքիայում

One response to “Ռազմաշաբաթ. Հայաստան. 11-17 հունվարի, 2015

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. 11-17 հունվարի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *