Թուրքիայի՝ 2014-ի պաշտպանական և ավիատիեզերական ոլորտների ռազմական արտադրանքի արտահանումը 2013-ի արտահանման ծավալների համեմատ ավելացել է 18 տոկոսով՝ կազմելով 1 մլրդ 647 մլն ամերիկյան դոլար: Արտահանման մոտ 33 տոկոսը բաժին է ընկել ԱՄՆ-ին՝ հասնելով 547 դոլարի: Այս մասին հաղորդում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի արտահանողների միության հայտարարությանը:
Միայն 2014-ի դեկտեմբերին այս ոլորտների թուրքական ընկերություններն արտահանել են մոտ 175 մլն դոլարի արտադրանք՝ անցած տարվա նույն ամսվա արդյունքը գերազանցելով 7 տոկոսով:
Թուրքիայից ներկրած ռազմական նշանակության արտադրանքների ծավալով 120 մլն դոլարով երկրորդ տեղում է Մալայզիան, իսկ երրորդ տեղում՝ 106 մլն դոլարի ներկրումներով Արաբական Միացյալ Էմիրությունները:
Ըստ ներկայացված տվյալների Ադրբեջանը Թուրքիայից ներկրած ռազմարդյունաբերական արտադրանքների ծավալով 5-րդն է: Ադրբեջանի ներկրած տեխնիկաների և արտադրանքների մասին տեղեկությունները բավականին քիչ են հրապարակվում: Սակայն հատկանշական է, որ 2013-ի արտահանման տվյալներով Ադրբեջանը դուրս էր մնացել առաջին տաս հորիզոնականներից:
Ներկայացված տվյալների համաձայն՝ թուրքական ռազմարդյունաբերական ընկերությունների արտահանման ամենամեծ տասը շուկաներն են հետևյալ երկրները.
Ներկրող երկիր | Ներկրման ծավալը (1000 ԱՄՆ դոլար) | ||
1 | ԱՄՆ | 547.678 | |
2 | Մալայզիա | 120.076 | |
3 | ԱՄԷ | 106.561 | |
4 | Իսպանիա | 87.747 | |
5 | Ադրբեջան | 77.195 | |
6 | Իտալիա | 77.108 | |
7 | Ֆրանսիա | 60.095 | |
8 | Քաթար | 52.783 | |
9 | Գերմանիա | 49.625 | |
10 | Թուրքմենստան | 48.387 |
Նշենք, որ 2014-ի հոկտեմբերին ամերիկյան Defense News կայքը՝ հղում անելով Թուրքիայի արտահանողների միության զեկույցին, հրապարակել էր 2014-ի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում Թուրքիայի արտահանած ռազմական նշանակության արտադրանքների ծավալները:
Արտահանման ընդհանուր գումարը կազմել էր 1,2 մլրդ դոլար, որից 433 միլիոնը բաժին էր ընկնում ԱՄՆ-ին, 86 միլիոնը Մալազիային, 66-ը՝ Իտալիային, իսկ 60 մլն դոլարը՝ ԱՄԷ-ին:
Նույն հոդվածում նշվում էր, որ Թուրքիայի գիտության, արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարարի հայտարարության հանաձայն՝ թուրքական կառավարությունը գիտահետազոտական TUBITAK կենտրոնին տրամադրել է մոտ 131 մլն դոլարի պետական սուբսիդիա, որն ուղղվել է ռազմական տեխնոլոգիաների արտադրության ծրագրերին:
Նոր հաղորդած տվյալների համաձայն՝ տարվա վերջին 4 ամիսների ընթացքում Թուրքիան արտահանել է մոտ 450 մլն դոլարի ռազմական արտադրանք, որտեղ հատկապես աճել է Ադրբեջանի բաժինը, քանի որ վերջինս ծավալներով կարողացել է շրջանցել Իտալիային:
Իսկ եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Թուրքիան մշտապես թաքցնում է Ադրբեջանին փոխանցած ռազմական տեխնիկաների և ծառայությունների մասին ճիշտ տվյալները, ապա կարելի է ենթադրել, որ իրական ծավալներն ավելի մեծ են եղել:
2014-ի սեպտեմբերին թուրքական պետական TRT հեռուստաընկերության կայքը հրապարակել էր, որ Թուրքիան արդեն իսկ վերջացրել է Roketsan ռազմարդյունաբերական ընկերության արտադրած 122մմ տրամաչափով «Սաքարյա» ՀԿՌՀ-ների արտահանումն Ադրբեջան, և սկսում է արտահանել 300 մմ տրամաչափով «Տ-300 Քաշըրգա» համազարկային կրակի ռեակտիվ համալիրները:
Հիշեցնենք, որ 2014-ի հունիսին հրապարակված ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրում նշվում էր՝ 2013-ին Թուրքիան Ադրբեջանին է վաճառել 3 միավոր 122 մմ-անոց համազարկային կրակի ռեակտիվ համակարգ (ՀԿՌՀ) և նույն տրամաչափի 1000 հրետանային արկ։ Պետք է նշել նաև, որ ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրն ամբողջությամբ չի արտացոլում տարբեր երկրների, այդ թվում նաև Թուրքիայի ու Ադրբեջանի միջև տեղ գտած սպառազինության առևտրի ողջ ծավալը, քանի որ տվյալները տրամադրում են հենց այդ երկրները:
Pingback: Թուրքիան 2015-ին արտահանել է 1,655 մլրդ դոլարի ռազմական արտադրանք | Ռազմ.info