Twitter-ում հրապարակված փաստաթղթերը բացահայտում են Թուրքիայի ռազմական աջակցությունը ահաբեկիչներին

2015թ հունվարի 13-ին թուրքական հաքերների խմբի անունից Twiter-ում տարածված փաստաթղթերում նշվում է, որ 2014-ի հունվարին թուրք-սիրիական սահմանին՝ Ադանա քաղաքում, խուզարկման համար կանգնեցված բեռնատարներով Թուրքիան զենք էր փոխանցում Սիրիայում կռվող ապստամբներին, այդ թվում՝ «Իսլամական պետություն»  ահաբեկչական խմբավորմանը։ Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը։

Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության գլխավոր քարտուղար Հաքան Ֆիդանը

Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության գլխավոր քարտուղար Հաքան Ֆիդանը

Խնդիրն այն է, որ 2014-ի հունվարին թուրքական ժանդարմերիայի Ադանայի վարչության աշխատակիցները խուզարկման համար կանգնեցրել էին Ազգային հետախուզական կազմակերպության աշխատակիցների կողմից ուղեկցվող բեռնատարները։ Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալան հայտարարել էր, որ բեռնատարները օգնություն էին տանում Սիրիայում ապրող թուքմեններին, սակայն չէր նշել, թե դա ինչ բեռ էր։

Թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը 2014-ի մայիսին տեղեկություն էր տարածել, որ թուրքական դատարանը որոշել է լրտեսության մեղադրանքով ձերբակալել այն 13 ժանդարմներին, որոնք խուզարկել են բեռնատարները:

Ժանդարմները մեղադրվում էին Սիրիայի օգտին լրտեսության ու Ազգային հետախուզական կազմակերպության 7 աշխատակիցների ապօրինաբար գաղտնալսելու համար:

Այն ժամանակ դեռևս վարչապետ, իսկ այժմ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ բեռնատարների խուզարկումն ապացուցում է, որ իսլամիստական «Գյուլենական» շարժումը իր գործակալներն է ներդրել թուրքական ուժային ծառայություններում, որոնք էլ ցանկանում են վնասել Թուրքիայի պետական շահերին։

Իսկ ահա 2015թ հունվարի 13-ին թուրքական հաքերների խմբի անունից տարածված փաստաթղթերում ներկայացված էին ձերբակալված թուրք զինվորականների հարցաքնությունները, բեռնատարների վարորդների ցուցմունքները, ինչպես նաև Ադանայի քաղաքապետի հայտարարությունն այն մասին, որ բեռնատարները ուղարկված էին Թուրքիայի վարչապետի կողմից և ենթակա չէին հետախուզման, իսկ ուղեկցող հետախուզության ծառայակիցներն օժտված էին անձեռնմխելիությամբ։

Հունվարի 13-ին «Հյուրիեթ» պարբերականի կայքը տեղեկություն էր տարածել այն մասին, որ թուրքական դատարանը որոշում է կայացրել փակել կայքերի օգտատերերի էջերը, որտեղ տարածվել էր այդ տեղեկությունը, իսկ եթե կայքերը, մասնավորապես՝ Twiter-ը, հրաժարվեն փակել դրանք և հանել տեղեկությունն ամբողջությամբ, ապա Թուրքիայում պետք է փակվեին նաև կայքերն ամբողջությամբ։

Այսպիսով Ադանայի դատարանը որոշել է արգելել այդ փաստաթղթերի և առհասարակ 2014-ի հունվարին բեռնատարների խուզարկմանը վերաբերող տեղեկությունների հրապարակումը, քանի որ դրանք վնասում են Թուրքիայի պետական շահերին:

Իսկ հունվարի 15-ին թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը տեղեկություն է տարածել, որ պաշտոնից ազատվել են 5 դատախազներ, որոնք մասնակցում էին բեռնատարների խուզարկման և զենք տեղափոխելու մեղադրանքով դատական գործին։

2 responses to “Twitter-ում հրապարակված փաստաթղթերը բացահայտում են Թուրքիայի ռազմական աջակցությունը ահաբեկիչներին

  1. Pingback: Պետական դավաճանության մեղադրանքով Թուրքիայում ձերբակալվել է 27 զինվորական | Ռազմ.info

  2. Pingback: Թուրքիայի առանձին «պատերազմը» Սիրիայի հյուսիսում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *