Ապրիլի 5-ին Ստամբուլի հանրապետական գլխավոր դատախազությունը Թուրքիայի ԶՈւ 34 զինծառայողի ձերբակալման թույլտվություն է տվել։ Նույն օրը Թուրքիայի 8 նահանգում հաջողվել է հայտանբերել ու ձերբակալել նրանցից 27-ին, աշխատանքներ են տարվում մյուսներին ձերբակալելու ուղղությամբ: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Առավել վաղ «Դողան հաբեր» լրատվական գործակալության հաղորդած տեղեկությունում նշվում էր, որ Ստամբուլի հանրապետության գլխավոր դատախազությունը` 2014-ի հունվարին Հաթայ և Ադանա նահանգներում ազգային հետախուզական կազմակերպության կողմից դեպի Սիրիա ուցեկցվող բեռնատարներն անօրինաբար խուզարկելու, պետական պաշտոնյաներին գաղտնալսելու մեղադրանքներով տվել էր 2 փոխգնդապետի, 2 մայորի, 2 կապիտանի, 7 ավագ լեյտենանտի, 1 լեյտենանտի, 12 ենթասպայի և 8 պրոֆեսիոնալ սերժանտի ձերբակալման թույլտվություն։
Ձերբակալման պաշտոնական մեղադրանքում նշվում է, որ զինվորականները մեղադրվում են Թուրքիայի կառավարության աշխատանքներին խոչընդոտելու, ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու համար: Նշվում է, որ զինվորականներն անդամակցում են «Սելյամ թաուհիդ» կամ, ինչպես ընդունված է այլ կերպ անվանել, «Երուսաղեմի բանակ» շիական կազմակերպությանը, որը 2007-ից ընդգրկված է Թուրքիայի ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում։
Կազմակերպությունը 2000 թվականին անջատվել է «Հեզբոլլահ» շարժումից, և ըստ թուրքական տեսակետի՝ հովանավորվում է Իրանի կողմից։ Կազմակերպության նպատակը «իսլամական միացյալ պետություն հիմնելն է»։
Հիշեցնենք, որ 2014-ի հունվարին թուրքական ժանդարմերիայի Ադանայի և Հաթայի վարչության աշխատակիցները խուզարկման համար կանգնեցրել էին Ազգային հետախուզական կազմակերպության աշխատակիցների կողմից ուղեկցվող բեռնատարները։ Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալան հայտարարել էր, որ բեռնատարները օգնություն էին տանում Սիրիայում ապրող թուրքմեններին, սակայն չէր նշել, թե դա ինչ բեռ էր։
Այն ժամանակ դեռևս վարչապետ, իսկ այժմ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ բեռնատարների խուզարկումն ապացուցում է, որ իսլամիստական «Գյուլենական» «Հիզմեթ» (թուրք.` ծառայություն) շարժումը իր գործակալներն է ներդրել թուրքական ուժային ծառայություններում, որոնք էլ ցանկանում են վնասել Թուրքիայի պետական շահերին։
2015թ հունվարի 13-ին թուրքական հաքերների խմբի անունից Twiter-ում տարածված փաստաթղթերում նշվում էր, որ այդ բեռնատարներով Թուրքիան զենք էր փոխանցում Սիրիայում կռվող ապստամբներին, այդ թվում՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը։
Pingback: Ռազմաշաբաթ․ Թուրքիա․ 5-11 ապրիլի, 2015 | Ռազմ.info
Pingback: Բացահայտվել է Թուրքիայից բեռնատարներով զենքի տեղափոխումը Սիրիա. տեսանյութ | Ռազմ.info
Pingback: Թուրքիայից բեռնատարներով Սիրիա զենք տեղափոխելու գործով ձերբակալվել է թուրքական բանակի 3 սպա | Ռազմ.info
Pingback: ԻՊ գրոհայինը պատմել է Թուրքիայում ահաբեկիչների ճամբարների մասին. Sputnik | Ռազմ.info
Pingback: Սիրիա զենք տանող թուրքական բեռնատարները խուզարկել թույլ տված դատախազները հեռացվել են պաշտոնից | Ռազմ.info