Թուրքիայի առանձին «պատերազմը» Սիրիայի հյուսիսում

ԱՄՆ ՊՆ մամուլի ծառայության սպա, գնդապետ Սթիվ Ուորենը, պատասխանելով լրագրողների հարցերին, նշել է, որ Թուրքիան հրետանային կրակով աջակցում է ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիային` թուրք-սիրիական սահմանի երկայնքով «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում: Այս մասին հայտնում է ԱՄՆ ՊՆ կայքը:

Թուրքիայի զինված ուժերի M60 տանկը Քոբանի քաղաքի մոտ՝ թուրք-սիրիական սահմանի թուրքական հատվածում: Նկարը՝ Financial Times կայքի

Թուրքիայի զինված ուժերի M60 տանկը Քոբանի քաղաքի մոտ՝ թուրք-սիրիական սահմանի թուրքական հատվածում: Նկարը՝ Financial Times կայքի

Հարց 1. Ի՞նչ առաջխաղացումներ կան թուրք-սիրիական սահմանի 98 կմ երկարությամբ հատվածում, որը համեմատաբար վատ էր հսկվում` թույլ տալով ահաբեկիչներին Թուրքիայի տարածքով անցնել Սիրիա և` հակառակը:

ԱՄՆ զինված ուժերի գնդապետը, պատասխանելով հարցին, նշում է, որ այդ շրջանը թուրք-սիրիական սահմանամերձ հատվածներից ամենախոցելին է, քանի որ հարակից հատվածները պահում են քրդական ուժերը և սիրիական ընդդիմադիր խմբավորումները: Կոալիցիոն ուժերին հիմնականում տեղեկությունների տրամադրման հարցում օգնում են իրենց կողմից մարզված սիրիական խմբավորումների մարտիկները, սակայն իրավիճակը դեռ մնում է լարված:  Քոբանիի հատվածում քրդական ուժերն են վերահսկում, սակայն այլևս հնարավորություն չունեն ծավալվել դեպի ավելի արևմուտք:

Հարց 2. Ի՞նչ դերակատարում ունի Թուրքիայի կառավարությունն ԻՊ դեմ գործողություններում: Այսօր (հունվարի 14-ին) Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարեց, որ իրենք հրետակոծել են ԻՊ դիրքերը` սպանելով առնվազն 200 գրոհային: Չէ՞ որ նրանք կոալիցիայի հովանու տակ չեն, ինչպե՞ս են հրետանային կրակ հասցնում:

Այս հարցին գնդապետ Ուորենը պատասխանում է, որ Թուրքիան հրետանային կրակով օգնում է կոալիցիային ԻՊ դեմ պայքարում, իսկ անհրաժեշտ կոորդինատները իրենք են տրամադրում թուրքական կողմին` չնայած որ նրանք կոալիցիայի կազմում չեն: Կոալիցիան եղանակային պայմաններից ելնելով երբեմն չի կարողանում օդային գործողություններ իրականացնել, և այդ խնդիրը լուծում է թուրքական կողմը` հրետանային կարկի միջոցով:

Հարց 3. Անցյալ շաբաթ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարության (CENTCOM) մամուլի խոսնակ Փեթ Ռայդերը հայտարարեց, որ ԻՊ դեմ միջազգային կոալիցիան չի վերահսկում Թուրքիայի գործողությունները: Այսինքն մենք կարող ենք դիտարկել, որ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայից, Իրանից ու Ռուսաստանից բացի, Թուրքիան էլ մեկ ա՞յլ առանձին խաղացող է Սիրիայում և Իրաքում իրականացվող գործողություններում:

Այս հարցին ի պատասխան ամերիկյան զինուժի գնդապետը նշում է, որ այդ տարածաշրջանում բազմաթիվ «խաղացողներ» կան:

Թուրքիայի ԶՈւ զորավարժությունը Սիրիայի սահմանին

Թուրքիայի ԶՈւ զորավարժությունը Սիրիայի սահմանին

Նշենք, որ հունվարի 14-ին ԻՊ դեմ հրետակոծությունների լուրը ներկայացնելիս Թուրքիայի վարչապետը հստակ ընդգծել էր, այդ քայլերն իրականացվել են ի պատասխան հունվարի 12-ին Ստամբուլի Սուլթանահմեդ հրապարակում գերմանացի տուրիստների խմբի մոտ մահապարտ ահաբեկչի գործողության, ինչի հետևանքով սպանվել էր առնվազն 11, վիրավորվել` 15 մարդ: Զոհված մարդկանցից 9-ը, ինչպես նաև վիրավորվածներից 9-ը նախնական տվյալների համաձայն Գերմանիայի քաղաքացիներ են:

Ահաբեկչության կազմակերպման և իրականացման համար մեղադրվում է հենց ԻՊ-ն, և միջազգային արձագանքների ճնշման տակ Թուրքիան պետք է որոշակի գործողություններ իրականացներ կամ հանդես գար նմանատիպ հայտարարություններով:

Անդրադառնալով Թուրքիայի և «Իսլամական պետություն» խմբավորման հարաբերություններին, նշենք, որ բազմիցս տեղեկություններ են հրապարակվել Թուրքիայի` այդ կառույցին օժանդակելու վերաբերյալ: Մասնավորապես  2014-ի հունվարին թուրքական ժանդարմերիայի՝ Ադանայի և Հաթայի վարչությունների աշխատակիցները խուզարկման համար կանգնեցրել էին ազգային հետախուզական կազմակերպության աշխատակիցների կողմից ուղեկցվող բեռնատարներ, որոնք, ինչպես ավելի ուշ պարզվեց, զենք էին տեղափոխում ԻՊ-ին փոխանցելու համար:

2015-ի մայիսի 28-ին թուրքական «Ջումհյուրիեթ» պարբերականի կայքը հրապարակեց տեսանյութ, որում հստակ երևում էր, որ բեռնատարներում իսկապես զենք էր:

2014-ի հունվարի 19-ին Թուրքիայի Ադանա նահանգում ժանդարմերիայի կողմից խուզարկված բեռնատարում հայտնաբերված զենքերի նկար

2014-ի հունվարի 19-ին Թուրքիայի Ադանա նահանգում ժանդարմերիայի կողմից խուզարկված բեռնատարում հայտնաբերված զենքերի նկար

Ամերիկյան New York Times պարբերականի մայիսի 4-ի հրապարակման մեջ նշվում էր, որ Թուրքիայի տարածքում՝ մասնավորապես Աքչաքալե գավառում վերամշակվում և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը մատակարարվում է զինամթերք` այդ թվում ամոնիումի նիտրատ, որն օգտագործվում է պայթուցիկներ պատրաստելու համար:

2015-ի դեկտեմբերին Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության (PYD) կողմից գերի վերցված ԻՊ գրոհայինն էլ իր հերթին պատմել էր, որ ինքը, ինչպես նաև ԻՊ-ի բազմաթիվ այլ գրոհայիններ ռազմական պատրաստություն են անցել Թուրքիայի Ադանա քաղաքի մոտ տեղակայված ճամբարում:

Ավելացնենք նաև, որ Թուրքիան մի շարք անգամներ հերատակոծել է Սիրիայում ԻՊ դեմ կռվող քրդական PYD-ի դիրքերը` վերջիններիս համարելով քրդական PKK-ի սիրիական թևը:  Մասնավորապես նման դեպքեր գրանցվել են 2015-ի հուլիսին և նոյեմբերին, ինչպես նաև մի շարք այլ անգամներ: Տեղին է նշել, որ ԱՄՆ-ը քրդական նշված ուժերին համարում է ԻՊ դեմ պայքարում լուրջ դաշնակից:

2014-ի  նոյեմբերին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիթ Էրդողանը PYD-ին կոչել է նույնպիսի ահաբեկչական կազմակերպություն, ինչպիսին «Քրդական աշխատավորական կուսակցությունն» է, և PYD-ին բացահայտորեն աջակցելու համար մեղադրել ԱՄՆ-ին:

Անդրադառնալով թուրք-սիրիական սահմանի վերահսկման հարցին` նշենք, որ հենց այդ տարածքով է գրանցվում ահաբեկիչների հիմնական շարժը դեպի Սիրիա, ինչպես նաև Սիրիայից Եվրոպա և այլ տարածաշրջաններ: Թուրքական իշխանությունները բազմիցս նշել են, որ չեն կարողանում վերահսկել սահմանն ամբողջությամբ:

Օգոստոսի կեսերին տեղեկություն եղավ, որ Թուրքիան Սիրիայի տարածքում «անվտանգ գոտի» է ստեղծում, ինչը շուտով հերքվեց: Ներկայում Թուրքիան նշում է, որ մտադիր են «անվտանգ գոտի» ստեղծել սահմանի մոտ և այդտեղից հեռացնել ԻՊ զինյալներին

Օգոստոսի կեսերին տեղեկություն եղավ, որ Թուրքիան Սիրիայի տարածքում «անվտանգ գոտի» է ստեղծում, ինչը շուտով հերքվեց: Ներկայում Թուրքիան նշում է, որ մտադիր են «անվտանգ գոտի» ստեղծել սահմանի մոտ և այդտեղից հեռացնել ԻՊ զինյալներին

2015-ի դեկտեմբերին ԱՄՆ պաշտապանության նախարարը մեկ անգամ ևս հաստատել էր ամերիկյան ղեկավարության այն դիրքորոշումը, որ Թուրքիան դեռևս բավականաչափ ջանքեր չի ներդնում իր սահմանով ահաբեկիչների անցուդարձը վերահսկելու համար:

Այսպիսով, կարող ենք նշել, որ Թուրքիայի հիմնական խնդիրը Սիրիայի հետ սահմանին իր վերահսկողությունը սահմանելն է: Այդ նպատակով Թուրքիան համագործակցում էր նաև ԻՊ-ի հետ, սակայն վերջին մեկ տարվա ընթացքում այդ կառույցի դիրքերի թուլացումը, ինչպես նաև արևմտյան պետությունների դիրքորոշումը Թուրքիային ստիպեցին առերես բախման գնալ այդ կառույցի հետ` սեփական քաղաքականությունը փորձելով կառուցել Սիրիայում ապրող թյուրքական ցեղերի` «Սիրիայի թուրքմեններ» վրա:

Թուրքիայի համար Սիրիայի հետ սահմանին լուրջ վտանգ են ներկայացնում նաև քրդական ուժերը, որոնց դիրքերը թուլացնելու համար Թուրքիան ջանքեր չի խնայում` չնայած ԱՄՆ-ի անհամաձայնությանն այդ հարցում: