Ռազմաշաբաթ. Թուրքիա. հոկտեմբերի 20-26

Թուրքիան պաշտոնապես կրճատում է պարտադիր ժամկետային զինծառայության չափը, Ռազմինֆոն էլ վերլուծում է իրավիճակը։ Թուրքիայում դատում են քուրդ գյուղացիներին զանգվածաբար սպանած թուրք գեներալին։ Թուրքական կործանիչներն օդ են բարձրացվել ռուսական հետախուզական ինքնաթիռի պատճառով։ Հեղաշրջման գործով անցնող գնդապետին մահացած են հայտնաբերել։ Զորավարժություններ և այլն։

” Թուրքիայում պաշտոնապես կրճատվեց պարտադիր զինվորական ծառայության ժամկետը։ Այսուհետ «երկար» ժամկետով ծառայության մեկնողները ծառայելու են 12 ամիս նախկին 15 ամսվա փոխարեն։

«Կարճ» ժամկետով ծառայությունը, որը նախատեսված է բուհերում սովորող կամ դրանք ավարտած զորակոչիկների համար, մնալու է նույնը, այն է՝ 6 ամիս։

” Թուրքիայում դատում են դեռևս 20 տարի առաջ Դիարբեքիր նահանգի (Աղձնիք) Քուլփ շրջանում 11  քուրդ գյուղացիներին զանգվածաբար սպանելու հրամանն արձակած գեներալ-մայոր Յավուզ Էրթյուրքին։

” Թուրքիայում կայացել է մեծ աղմուկ բարձրացրած զինվորի մահվան գործով դատավարությունը, երբ նրան մահանալուց առաջ հրամանատարները ծեծի էին ենթարկել։ Ժամկետային զինծառայողը մահացել էր դեռևս 2007 թվականին, սակայն միայն 6 տարի անց են պատժվում նրա մահվան պատճառ հանդիսացած հրամանատարները։

” Թուրքիան «տագնապ» ազդանշով կործանիչներ է օդ բարձրացրել, երբ սևծովյան ափերի մոտակայքում թռիչք է իրականացրել Ռուսաստանի ռազմաօդային ուժերի Իլ-20 հետախուզական ինքնաթիռը։

” Թուրքական արտադրության «Անքա» անօդաչու թռչող սարքը կարող է համալրվել արբանյակային կապով, ինչպես նաև առաջիկայում մի քանի մոդիֆիկացիաներ ունենալ։

” Թուրքիայի և Սիրիայի սահմանից ոչ հեռու ավտոպատահարի հետևանքով թուրքական զինուժի 2 գեներալ է վիրավորվել։ Թուրք գեներալներին տեղափոխող ավտոմեքենան բախվել է սիրիական պետհամարանիշներով ավտոմեքենային։

” ՆԱՏՕ-ի ղեկավարությունը հերթական անգամ զգուշացրել է Թուրքիային, որ այդ երկրի ընտրած չինական ՀՕՊ համակարգերը չեն կարող անդամագրվել հյուսիսատլանտյան դաշինքի համակարգերին, ինչպես նաև հավելել է, որ վերջնական ընտրություն կատարելու իրավունքը, այնուամենայնիվ, Անկարայինն է։

” Բոդրում քաղաքում գտնվող սեփական տան այգում հայտնաբերել են Թուրքիայում «Բալյոզ» հեղաշրջման գործով անցնող պահեստազորի գնդապետ Հալիլ Յըլդըզի դին։ 60-ամյա նախկին զինվորականի անշունչ մարմինը նկատել են հարևանները։

” Թուրքիայում փորձարկումներ անցնող «Ուրալ» (Ural) զրահամեքենան կողաշրջվել է, ինչի հետևանքով փորձարկողներից երեքը վնասվածքներ են ստացել։

Դեպքը եղել է Թուրքիայի Բուրսա նահանգի Օրհանգեզի քաղաքի մոտակայքում, որտեղ թուրքական նոր զրահամեքենան ընթացային փորձարկում էր անցնում։

” Թուրքիայի զինված ուժերի ներկայացուցիչները Սերբիայում և Իտալիայում ընթացող միջազգային զորավարժությունների են մասնակցում։ Սերբիայում ընթացող «Բալկանյան երկրների հատուկ ուժերի» զորավարժությունից բացի թուրքական կողմը մասնակցում է Իտալիայում ընթանում է ՆԱՏՕ-ի Steadfast Noon զորավարժությանը, որը միջուկային զենքով աշխատելու համար է։

Ռազմաշաբաթը  նաև

Հայաստանում

Ադրբեջանում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *