ՆԱՏՕ-ի ղեկավարությունը հերթական անգամ զգուշացրել է Թուրքիային, որ այդ երկրի ընտրած չինական ՀՕՊ համակարգերը չեն կարող անդամագրվել հյուսիսատլանտյան դաշինքի համակարգերին, ինչպես նաև հավելել է, որ վերջնական ընտրություն կատարելու իրավունքը, այնուամենայնիվ, Անկարայինն է։
Հոկտեմբերի 22-ին Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ երկրների պատշպանության նախարարների հանդիպման ժամանակ նման հայտարարությամբ է հանդես եկել դաշինքի գլխավոր քարտուղար Անդեր Ֆոգ Ռասմուսենը, փոխանցում է ամերիկյան Defense News ռազմական լրատվակայքը։
Վերջինս իր ելույթում շեշտել է, որ Թուրքիան պետք է հաշվի առնի՝ Չինաստանի արտադրած զենիթահրթիռային համակարգերը չեն կարող ինտեգրվել ՆԱՏՕ-ի միացյալ համակարգերին։
«Մեր դիրքորոշումը շատ պարզ է։ Ամեն երկիր ինքն է որոշում ինչպիսի սպառազինություն գնել։ Սակայն ՆԱՏՕ-ի տեսանկյունից խիստ կարևոր է, որպեսզի տվյալ պետության ընտրած զինատեսակները կարողանան աշխատել և գործել դաշինքի անդամ մյուս պետությունների համակարգերի հետ»,-նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը և հավելել.
«Վստահ եմ, որ Թուրքիան տեղյակ է ՆԱՏՕ-ի այս դիրքորոշման մասին, և սա հաշվի կառնի մինչ վերջնական որոշում ընդունելը»։
Այսպիսով, ՆԱՏՕ-ն հերթական անգամ զգուշացնում է Անկարային, որ չինական տարբերակի ընտրությունն որևէ կերպ չի ընդունվելու դաշինքի կողմից։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 26-ին Թուրքիայի ռազմարդյունաբերական հանձնաժողովի նիստի ժամանակ մեծ հեռահարության ՀՕՊ համակարգի մրցույթի արդյունքներով որոշում էր կայացվել ձեռք բերել Չինաստանը ներկայացնող China Precision Machinery Export-Import Corp. (CPMIEC) ընկերության HQ-9 (FD-2000) զենիթահրթիռային կայանները։
Չինական տարբերակի ընտրությունը բացատրվել էր տեղում համատեղ արտադրություն հիմնելու հնարավորությամբ և մատչելի արժեքով։ Պայմանագիրը գնահատվում է 3-4 մլրդ ամերիկյան դոլար։ Առայժմ պայմանագիրը վերջնականապես կնքված չէ, թեև համապատասխան որոշումն արդեն կա։
Մրցույթին մասնակցում էին նաև ամերիկյան «Փեթրիոթ» (Patriot PAC3), ռուսական Ս-300 կամ Ս-400, ֆրանս-իտալական Սամպ Տ (Samp T) ՀՕՊ համակարգերը։
Թուրքիայի որոշումն առաջացրել է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի լրջագույն դժգոհությունը, որոնք հայտարարել են, թե Անկարայի ընտրած չինական ՀՕՊ համակարգերը չեն կարող ինտեգրվել ՆԱՏՕ-ի համատեղ համակարգերին։
Չինական CPMIEC ընկերության HQ-9 (արտահանվող տարբերակը՝ FD-2000) զենիթահրթիռային համակարգերը ստեղծվել են խորհրդային Ս-300 համակարգերի հիմքի վրա, սակայն զգալի արդիականացումներ ու փոփոխություններ են անցել։ HQ-9 միջին և մեծ հեռահարության ՀՕՊ համակարգերը ներկայում ընդգրվախ են Չինաստանի զինված ուժերի կազմում։
Pingback: Թուրքիան ու չինական ՀՕՊ համակարգը կամ սակարկում թուրքական ոճով | Թուրքագիտական պորտալ