Ռազմաշաբաթ. Հայաստան. հոկտեմբերի 20-26

Զոհ և վիրավորներ ադրբեջանական կրակից: ԵՊՀ ուսանողների բողոքի նամակը ԵԱՀԿ երևանյան գրասենյակին: ԱԻՆ ուսումնավարժանք Երևանում: ԵԱՀԿ դիտարկում Մարտակերտում: ՊՆ պատվիրակությունը` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում: Օհանյանը`ISAF-ին ներգրավված երկրների պաշտպանության նախարարների նիստին: ԵԽ պատվիրակության հետ քննարկվել են ՀՀ ԶՈւ-ում մարդու իրավունքների պաշտպանության խնդիրները: Սերժ Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի ղեկավարին: Գիտաժողով` նվիրված երիտասարդության դաստիարակության խնդիրներին

1. Հոկտեմբերի 22-ին Տավուշի մարզում՝ Բերդ-Իջևան ավտոճանապարհի Պառավաքարի հատվածում հակառակորդը կրակ է բացել ավտոճանապարհով ընթացող ավտոմեքենաների վրա, ինչի հետևանքով հայկական կողմն ունի զոհ և վիրավորներ: Տուժածներին առաջին օգնություն է ցուցաբերվել Իջևանի բժշկական կենտրոնում, որից հետո տեղափոխվել են Կենտրոնական ռազմական հոսպիտալ: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում, մի մասն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից: Դեպքի պատճառով Վազաշեն-Պառավաքար ու Պառավաքար-Բերդ հատվածները փակ են լինելու շուրջ մեկ շաբաթ` անվտանգության աշխատանքներ կատարելու համար:

2. Հոկտեմբերի 23-ին Երևանի պետական համալսարանի ուսանողական խորհուրդը բուհից 300 ուսանողների հետ բողոքի երթով գնացել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակ և Բերդ-Իջևան ավտոճանապարհի միջադեպի հետ կապված նամակ փոխանցել գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինին։ Ռազմինֆոն զրուցեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի Հանրային տեղեկատվության հարցերով պատասխանատու Գոհար Ավագյանի հետ, ով նշեց, որ նամակն անպայման կփոխանցվի ԵԱՀԿ ղեկավարությանը: Բողոքի երթի կազմակերպիչները հավատացնում են, որ համալսարանականը միշտ էլ զինվորի կողքին է եղել ու հիմա էլ նրա կողքին է:

3. Հոկտեմբերի 25-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունն իրականացրեց «Երևան քաղաքում ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպումն ու իրականացումը» թեմայով ուսումնավարժանք, որի ընթացքում փրկարարները հրդեհաշիջման գործողություններ կատարեցին, պայմանական տուժածներին տեղափոխեցին բուժկետեր, տարհանեցին բարձրահարկ շենքում մնացած մարդկանց: Մանրամասները՝ այստեղ:

4. ԵԱՀԿ առաքելությունը հոկտեմբերի 25-ին հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի Մարտակերտի շրջանի Լևոնարխ գյուղի մոտակայքում։ Այս անգամ դիտարկումն անցել է առանց միջադեպերի: Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

5. Հոկտեմբերի 21-ին Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բելգիա, որտեղ մասնակցել է Աֆղանստանում և Կոսովոյում ընթացող ՆԱՏՕ-ի ղեկավարած առաքելություններին մասնակցող երկրների պաշտպանության նախարարների հերթական նիստերին։ Նախարարը երկկողմ հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների իր գործընկերների հետ՝ քննարկելով նաև Լիբանանում ՀՀ խաղաղապահներ տեղակայելու վերաբերյալ հարցեր։

6. Հոկտեմբերի 23-ին Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնակցել է Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերի (ԱՅՍԱՖ) գործողությանը ներգրավված պետությունների պաշտպանության նախարարների հերթական կիսամյակային նիստին: Նիստի ընթացքում կարծիքներ են փոխանակվել ԱՅՍԱՖ գործողության ներկայիս ընթացքի, Աֆղանստանում անվտանգության ապահովման պատասխանատվությունը տեղական ուժային մարմիններին փոխանցելու գործում արձանագրված առաջընթացի մասին:

7. Հոկտեմբերի 22-ին պաշտպանության նախարարի տեղակալ Ա. Նազարյանն ընդունեց ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Ն.Մուիժնիեկսիի գլխավորած պատվիրակությանը: Քննարկվեցին «Այընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքի փոփոխություններին, զինված ուժերում ոչ մարտական պայմաններում մահվան ելքով դեպքերի քննությանը, զինծառայողների մարդու իրավունքների պաշտպանության հարցերում քաղաքացիական հասարակության և Մարդու իրավունքների պաշտպանի հետ համագործակցությանը վերաբերող հարցեր:

 

8. Նախագահը հոկտեմբերի 22-ին ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի Վիեննայի գրասենյակի գլխավոր տնօրեն, կազմակերպության թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի գործադիր տնօրեն Յուրի Ֆեդոտովին: Վերջինս նշել է, որ իր այցը ճանաչողական բնույթի է, և որ Հայաստանի հետ համագործակցությունը շարունակական կլինի:

9. Հոկտեմբերի 25-ին «Դինամո» մարզահամալիրում «Անչափահասների շրջանում արատավոր երևույթների և փողոցային բարքերի դեմ պայքարի կարևորությունը օրինակելի զինվոր և քաղաքացի պատրաստելու գործում» թեմայով գիտաժողով էր: Գիտաժողովին զեկույցներով հանդես եկան ՊՆ, ոստիկանության, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները, զինղեկներ, մարզական ֆեդերացիաների ներկայացուցիչներ: Նրանք նշեցին այն աշխատանքները, որ կատարում են մատաղ սերդի բարոյահոգեբանական դաստիարակության ուղղությամբ: 

Ռազմաշաբաթը նաև`

Ադրբեջանում

Թուրքիայում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *