Թուրքիայում կայացել է մեծ աղմուկ բարձրացրած զինվորի մահվան գործով դատավարությունը։ Ժամկետային զինծառայողը մահացել էր դեռևս 2007 թվականին, սակայն միայն 6 տարի անց են պատժվում նրա մահվան պատճառ հանդիսացած հրամանատարները։
2007 թվականի փետրվարին Թուրքայի Ափյոնգարահիսար նահանգի Էմիրդաղ շրջանում պարտադիր ժամկետային զինծառայություն անցնող շարքային Էսաթ Մենգիլլին վազքի վարժություններ կատարելիս վայր է ընկել, ինչի պատճառով հրամանատարները սկսել են ծեծել նրան։
Վերջինս այդ դեպքի ժամանակ սրտային անբավարարվածության պատճառով մահացել է, սակայն նրան ծեծելու փաստի մասին չի բարձրաձայնվել։
Եվ միայն այս դեպքից մեկ տարի հետո Մենգիլլիի հետ նույն զորամասում ծառայողները զորացրվելուց հետո նրա ծնողներին պատմել են եղելությունը, և նշել, որ նա մահանալուց առաջ ծեծի է ենթարկվել հրամանատարների կողմից ու պատրաստակամություն են հայտնել վկայություն տալ։
Մահացած զինծառայողի ծնողներն էլ դիմել են ռազմական դատախազություն, որտեղ ժանդարմերիայի ավագ սերժանտներ Օզայ Այվազի, Մուհիթթին Բաշի և Մուսթաֆա Քորքմազի դեմ մեղադրանք է առաջադրվել՝ զինծառայողի դեմ բռնություն կիրառելու համար։
Մեղադրող կողմը վերջիններիս համար պահանջում էր 10 տարի ազատազրկում, սակայն օրերս Էսքիշեհիրի ռազմական դատարանը որոշել է Այվազին, Բաշին և Մուսթաֆային, ովքեր չեն ընդունում իրենց մեղքը, դատապարտել 10 ամիս ազատազրկման։
Էսաթ Մենգիլլիի ծնողները, սակայն, դժգոհ են մնացել հրամանատարների վերաբերյալ կայացրած վճռից՝ համարելով այն կարճ ու հավելելով, որ դիմելուն են վերաքննիչ ատյաններին։