Թուրքիայի և Սիրիայի սահմանից ոչ հեռու ավտոպատահարի հետևանքով թուրքական զինուժի 2 գեներալ է վիրավորվել։ Թուրք գեներալներին տեղափոխող ավտոմեքենան բախվել է սիրիական պետհամարանիշներով ավտոմեքենային։
Դեպքը եղել է հոկտեմբերի 22-ին Այնթապ-Քիլիս ավտոճանապարհի երրորդ կիլոմետրին, երբ Թուրքիայի զինված ուժերի ժանդարմերիայի թիկունքային ապահովման պետ, գեներալ-լեյտենանտ Հարուն Օջաքլըն և Ադանայի ժանդարմերիայի հրամանատար, գեներալ-մայոր Համզա Ջելեփօղլուն վերադառնում էին սահմանային հատվածում ստուգումներ կատարելուց։
Ավտոպատահարի հետևանքով գեներալները վնասվածքներ են ստացել և տեղափոխվել հիվանդանոց. նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Ավտոպատահարի հետևանքով վիրավորվել են նաև գեներալներին ուղեկցող ավագ սերժանտներ Ֆերհաթ Քըրբայն ու Օսման Մուրաթը։
Մյուս ավտոմեքենայում գտնվող Սիրիայի 2 քաղաքացիները նույնպես վնասվածքներ են ստացել։ Նրանց բոլորի կյանքին վտանգ չի սպառնում։