Քուրդ գյուղացիներին զանգվածաբար սպանած թուրք գեներալի դեմ մեղադրանք է ներկայացվել

Թուրքիայում դատում են դեռևս 20 տարի Դիարբեքիր նահանգի (Աղձնիք) Քուլփ շրջանում տեղի քուրդ գյուղացիներին զանգվածաբար սպանելու հրամանն արձակած գեներալին։

Պաշտոնաթող գեներալ-մայոր Յավուզ Էրթյուրքը մեղադրվում է 1993 թվականի ն Ալաջա գյուղի 11 բնակիչներին սպանելու, ևս մի քանի գյուղացիներին կտտանքների ենթարկելու համար։ Մեղադրող կողմը թուրք գեներալի համար պահանջում է 11 ցմահ ազատազրկում՝ գումարած ևս 25 տարի ազատազրկում՝ զանգվածային սպանության, առևանգման, թշնամություն սերմանելու համար։

Դեպքի ժամանակ գեներալ-մայոր Էրթյուրքը, ով այդ ժամանակ Բոլուի երկրորդ բրիգադի հրամանատարն էր, ղեկավարում էր «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դեմ Մուշում և Դիարբեքիրում իր ստորաբաժանումների ռազմական գործողությունները։

Այս ընթացքում թուրք գեներալի անմիջական հրամանով  հարցաքննության համար քրդաբնակ գյուղից դուրս է բերվել մի քանի տասնյակ մարդ։ Գյուղացիներին տեղափոխել են անտառածածկ տարածք, որտեղ էլ հարցաքննությունից հետո նրանց մի մասն ազատ է արձակվել։

Սակայն 11 հոգի այդպես էլ չի վերադարձել։ Թուրք զինվորականները գնդակահարել են նրանց և թաղել զանգվածային գերեզմանում, որը փորվել է հարցաքննության վայրից ոչ հեռու։

Հետագայում հայտարարվել է, թե «թուրքական բանակի գործողությունների արդյունքում 11 PKK-ական է վնասազերծվել», սակայն իրականում նրանք եղել են խաղաղ քուրդ բնակիչներ։ Թեև նրանց հարազատները փորձել են բողոքի ձայն բարձրացնել, սակայն այդպես էլ որևէ լուրջ քայլ չի կատարլվել։

Սպանված գյուղացիների մնացորդները հայտնաբերվել է միայն 2004 թվականին, ինչից հետո թուրք գեներալի դեմ քրեական գործ է հարուցվել ու հետաքննություն սկսվել։

Այժմ պատրաստ է մեղադրականը, որով գեներալ-մայոր Էրթյուրքի համար պահանջվում է 11 ցմահ ազատազրկում, ինչպես նաև ևս 25 տարի ազատազրկում։ Նրա գործը քննում է Թուրքիայի ծանր հանցագործությունների գծով 7-րդ դատարանը։

Հետաքննությունը, սակայն, զարամանալիորեն չի պարզել, թե ովքեր են եղել գեներալ-մայորի հանցակից զինծառայողները։

Գեներալ-մայոր Էրթյուրքը PKK-ի դեմ պայքարում հայտնի է եղել իր դաժանությամբ, հատկապես քրդական կազմակերպությանն աջակցող գյուղացիների հանդեպ։

1993-95 թվականներին նրա գլխավորած ուժերը բազմիցս կրակի են տվել քրդական գյուղերը, չի բացառվում, որ քուրդ բնակչության շրջանում նրա զոհերի թիվն ավելի է, քան ներկայում հայտնի է։

Հետաքրքիր է, որ նրան կոչում են «Յավուզ Էրթյուրք փաշա», իսկ երիտասարդ տարիներին ծառայակիցների շրջանում հայտնի է եղել «քուրդ Յավուզ» անունով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *