Լեհական ԶՈւ-ն կստանա ևս 307 Rosomak զրահափոխադրիչ

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը 545,3 մլն ԱՄՆ դոլարի պայմանագիր է կնքել WZMS ընկերության հետ։ Պայմանագրի համաձայն՝ ընկերությունը պարտավորվում է արտադրել ու լեհական զինված ուժերին հանձնել 307 միավոր Rosomak (Ռոսոմակ) զրահափոխադրիչներ։

Rosomak

Rosomak

Մեքենաների տրամադրումը պետք է սկսվի 2014-ին ու ավարտվի 2019-ին։

Պայմանագիրը ստորագրվել է Լեհաստանի զինված ուժերի արդիականացման ծրագրի շրջանակներում, որը նախատեսված է ավարտին հասցնել 2022-ին։

Լեհական ընկերության Rosomak-ները արտադրվում են ֆիննական Patria (Պատրիա) ընկերության արտոնագրով։ Դրանք ֆիննական ընկերության արտադրած Patria AMV XC-360P զրահափոխադրիչների կրկնօրինակն են։

8×8 ընթացամասով Rosomak (Patria AMV XC-360P) զրահափոխադրիչը կարող է տեղափոխել 8 զինծառայողի։ Անձնակազմի քանակը 3 մարդ է` հրամանատարը, վարորդը, հրաձիգը։

Առավելագույն արագությունը շուրջ 100 կմ/ժ է, առանց լիցքավորման կարող է անցնել մոտ 800 կմ հեռավորություն, շարժիչը դիզելային է՝ 480 կամ 543 ձիաուժանոց։

Զինված է 30 մմ թնդանոթով, 12,7 մմ  և 7,62 մմ գնդացիրներով։

Լեհաստանի ԶՈւ Rosomak զրահափոխադրիչը

Լեհաստանի ԶՈւ Rosomak զրահափոխադրիչը

Լեհական Wojskowe Zaklady Mechaniczne Siemianowice (Վոյսկովե Զակլադ Մեխանիչնե Շիմիենավիցե) ընկերությունը այս մեքենաները Patria-ի արտոնագրով արտադրում է 2003-ից։ 10 տարվա ընթացքում ընկերությունը Լեհաստանի զինված ուժերի համար արտադրել ու տրամադրել է 570 միավոր Rosomak զրահափոխադրիչներ։

Patria-ի ու WZMS-ի միջև կնքված առաջին պայմանագրով լեհական ընկերությունը զրահամեքենաները կարող էր արտադրել միայն Լեհաստանի զինված ուժերի համար։ Ընթացիկ տարվա հուլիսին կնքվեց նոր պայմանագիր, որով լեհական ընկերությունը կարող է մեքենաներն արտադրել արտահանման նպատակով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *