Հեղաշրջման գործով ազատ արձակված թուրք գնդապետին մահացած վիճակում են գտել

Բոդրում քաղաքում գտնվող սեփական տան այգում հայտնաբերել են Թուրքիայում «Բալյոզ» հեղաշրջման գործով անցնող պահեստազորի գնդապետ Հալիլ Յըլդըզի դին։

60-ամյա նախկին զինվորականի անշունչ մարմինը նկատել են հարևանները, ովքեր էլ դիմել են իրավապահներին, փոխանցում են CNNTurk-ը։

Մահվան հանգամանքները դեռ չեն հրապարակվում, հայտնի չէ, թե այն սպանություն է, ինքնասպանություն, թե բնական մահ։

Այնուամենայնիվ, հարևանները նշել են, որ այգում նկատել են արյան հետքեր։ Սակայն այս տեղեկությունը դեռ պաշտոնապես չի հաստատվել իրավապահների կողմից։

Նշենք, որ Թուրքիայի զինված ուժերի պահեստի գնդապետ Հալիլ Յըլդըզն անցնում էր «Բալյոզ» («Մեծ մուրճ») հեղաշրջման գործով, որի շրջանակներում նրան ազատ են արձակել՝ հանցակազմի բացակայության պատճառով։

Հիշեցնենք, որ «Բալյոզ» հեղաշրջման ծրագրի մասին հայտնի դարձավ 2010 թվականի հունվարին, երբ այդ մասին իր համարում գրեց Թուրքիայի ամենասկանդալային թերթերից «Թարաֆը»:

Ըստ հեղաշրջման ծրագրի՝ 2003 թվականի մարտին նախատեսվում էր Թուրքիայում ստեղծել քաոսային խառնակ իրավիճակ և իրականացնել իշխանափոխություն՝ հեռացնելով իսլամամետ «Արդարություն և զարգացում» կուսակցության կառավարությունը։

Մասնավորապես, թուրք գեներալները նախատեսում էին Հունաստանի հետ պատերազմ ձևացնել՝ մեղադրելով Աթենքին Էգեյան ծովում թուրքական ռազմական ինքնաթիռ վայր գցելու համար։ Միևնույն ժամանակ նախատեսվում էր Ստամբուլում երկու մարդաշատ մզկիթ պայթեցնել, ինչպես նաև այլ գործողություններ իրականացնել՝ հանրության շրջանում խուճապ ստեղծելու և գործող կառավարությանը հեղինակազրկելու համար։

Սակայն հեղաշրջման ծրագիրը չի իրագործվել, իսկ նրա գոյության մասին հայտնի է դարձել միայն 7 տարի անց։

Թուրքական վճռաբեկ դատարանը երկարատև քննությունից հետո 2013 թվականի հոկտեմբերին «Մեծ մուրճ» հեղաշրջման գործով վճիռներն անփոփոխ թողեց 237 մեղադրյալի նկատմամբ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *