ԱՄՆ-ն չի հերքել Ֆրանսիայի քաղաքացիներին հետևելու փաստը

Վերջերս ԱՄՆ-ին իրար հետևից մեղադրանքներ են ուղղվում՝ այս կամ այն երկրի քաղաքացիներին ապօրինի հետևելու, մասնավորապես Ֆրանսիայի քաղաքացիների նկատմամբ լրտեսություն իրականացնելու առնչությամբ։ ԱՄՆ-ն պաշտոնական մակարդակով պատասխանել է այդ մեղադրանքներին։

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը և ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը և ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման

Հոկտեմբերի 21-ին ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության մամուլի քարտուղար Քեթլին Հայդենը, ըստ էության, չի հերքել լրտեսության փաստը։ «ԱՄՆ-ն արտաքին հետախուզության տվյալներ հավաքում է այնպես, ինչպես դա անում են բոլոր պետությունները»,-ասել է նա։

Իր հերթին պետքարտուղար Ջոն Քերին, շարունակելով Հայդենի միտքը, հավաստիացրել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է երկկողմ քննարկումներ ծավալել Ֆրանսիայի հետ՝ ծագած խնդիրը լուծելու նպատակով։

Ֆրանսիայի քաղաքացիների նկատմամբ հետախուզական գործողություններ իրականացնելու սկանդալը մեկնաբանել է նաև ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Մարի Հարֆը՝ հույս հայտնելով, որ «տեղի ունեցածը չի վնասի ԱՄՆ-Ֆրանսիա սերտ գործնական հարաբերություններին»։

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ։ Նա էլ, թերևս, չի հերքել հետախուզության հանգամանքը, սակայն շեշտել է. «ԱՄՆ իշխանությունները կվերանայեն հետախուզական տվյալների հավաքագրման մեթոդները, որպեսզի հավասարակշռություն գտնեն ԱՄՆ քաղաքացիների անվտանգության ապահովման և անձնական կյանքի իրավունքի պահպանման միջև»։

Այնուհանդերձ, AFP լրատվական գործակալության տվյալներով՝ Ֆրանսիայի նախագահն իր անհանգստությունն է հայտնել ԱՄՆ հատուկ ծառայությունների գործունեության առնչությամբ։ Օլանդը նշել է, որ այդպիսի քայլերը «անհանդուրժելի են դաշնակիցների և բարեկամ երկրների փոխհարաբերություններում»՝ հույս հայտնելով, որ ԱՄՆ-ն կներկայացնի անհրաժեշտ բոլոր բացատրությունները, ինչպես նաև ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի տրամադրած տեղեկությունները։

Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ երկու երկրների նախագահները համաձայնության են եկել փաստերը համատեղ քննարկումների արդյունքում պարզելու և իրականացված հետախուզության ծավալները ճշգրտելու շրջանակներում։

Հիշեցնենք՝ սկանդալը ծագել էր, երբ ֆրանսիական Le Monde հեղինակավոր թերթը հրապարակել էր Էդվարդ Սնոուդենի տրամադրած տեղեկությունները։ Համաձայն դրանց՝ ԱՄՆ ԱԱԳ-ն գաղտնալսել է ֆրանսիական համարների հեռախոսազանգերն ու ընթերցել կարճ հաղորդագրությունները, ինչպես նաև հետևել Ֆրանսիայի քաղաքացիների էլեկտրոնային նամակագրությանը։

Հավելենք, որ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) ու ԱԱԳ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը 2013-ի ամռան սկզբին բրիատանական The Guardian-ին ու մի շարք առաջատար լրատվամիջոցների էր փոխանցել ամերիկյան հատուկ ծառայությունների վերաբերյալ գաղտնի փաստաթղթեր։ Նա մասնավորապես հանրության համար բացահայտել էր PRISM կոչված հետախուզական ծրագիրը, որը թույլ էր տալիս արդյունավետ կերպով տեղեկություններ կուտակել համացանցային օգտատերերի ու բջջային կապի բաժանորդների մասին։

Ըստ Սնոուդենի՝ տեղեկությունների հավաքագրման այդ համակարգը կիրառվում է օրենքից դուրս, բայց համաշխարհային մակարդակով հայտնի համացանցային ու բջջային կապի ընկերությունների ներքին համաձայնությամբ։ Սնոուդենը, բացի ամերիկյան գաղտնի փաստաթղթերից, տեղեկություններ է հրապարակել վերջիններիս եվրոպական ծառայակիցների հետ համագործակցության վերաբերյալ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *